Գուրգեն Մարգարյանի գործով Ադրբեջանն ու Հունգարիան պատասխանող են Եվրադատարանում

2004 թվականին  Բուդապեշտում դաժանաբար սպանված Գուրգեն Մարգարյանի հարազատների կողմից Եվրադատարան ներկայացված գանգատի գործով Ադրբեջանի և Հունգարիայի կառավարությունները ծանուցվել են՝ կողմ ներգրավվելու համար: Գուրգեն Մարգարյանի շահերը Եվրադատարանում ներկայացնում են Մարդու իրավունքների եվրոպական փաստաբանական կենտրոնը, հայաստանյան Legal Guide հկ-ն և փաստաբան Նազելի Վարդանյանը: Այս մասին տեղեկանում ենք Մարդու իրավունքների եվրոպական փաստաբանական կենտրոնի կայքից:

Երկուսն էլ՝ Գուրգեն Մարգարյանն ու նրան սպանած ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովը մասնակցում էին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի կողմից հովանավորվող անգլերենի լեզվի դասերին: Փետրվարի 19-ին Սաֆարովը սպանել էր պարոն Մարգարյանին՝ կացնահարելով: 2006-ի ապրիլին Սաֆարովը մեղավոր ճանաչվեց Բուդապեշտ քաղաքի դատարանի կողմից և դատապարտվեց ցմահ ազատազրկման՝ 30 տարի անց ազատարձակման հնարավարությամբ:

Դատարանը հաստատված համարեց, որ Սաֆարովը նապատակադրված է եղել սպանել դասընթացին մասնակցող երկու հայերին: 2007-ի փետրվարին, երբ այս դատավճիռը բողոքարկվելուց հետո մտավ ուժի մեջ, Սաֆարովը սկսեց իր պատիժը կրել հունգարական բանտում:

2012-ի օգոստոսին Հունգարիայի արդարադատության նախարարը թույլատրեց Սաֆարովի տեղափոխումը Ադրբեջան՝ պատժի կրումը այնտեղ շարունակելու պայմանով: Սակայն ժամեր անց, երբ Սաֆարովն արդեն Ադրբեջանում էր, նրան ընդունեց Ադրբեջանի նախագահն ու ազատություն շնորհեց, նաև մայորի աստիճան շնորհեց և վճարվեց 8 տարի բանտարակության մեջ լինելու համար վարձատրություն:

Սպանված Գուրգեն Մարգարյանի ընտանիքը դիմելով Եվրադատարան՝ հայտնում է, որ Ադրբեջանի կողմից ոտնահարվել է Գուրգեն Մարգարյանի կյանքի իրավունքը (ամրագրված է Եվրակոնվենցիայի 2-րդ հոդվածով) երկու դրվագով՝ սպանության և Սաֆարովին պատժից ազատելու դեպքով: Մարգարյանի ընտանիքը նաև իր գանգատում հայտնում է, որ Գուրգենը եղել է էթնիկական հողի վրա ատելությամբ դրդված հանցագործության զոհ, ինչն ապացուցում է նաև այն, որ Սաֆարովին ներում շնորհվեց և ազատ արձակվեց: Եվ վերջում նրանք նշում են, որ Հունգարիան խախտել է Եվրակոնվենցիայի 2-րդ հոդվածը, քանի որ չունենալով երաշխիքներ, որ Սաֆարովը շարունակելու է կրել պատիժը, նրան տեղափոխելու թույլտվություն է տվել:

Գործով գանգատ է ներկայացվել նաև հայաստանցի սպա Հայկ Մակուչյանի կողմից, ում հանդեպ Սաֆարովը մահափորձ է կատարել նույն դեպքի շրջանականերում:

Հունգարիայի և Ադրբեջանի կառավարությունները իրենց դիրքորոշումները դատարանին պետք է ներկայացնեն մայիսին: Եվրադատարանը նաև հրավիրել է ՀՀ կառավարությանը՝ այս գործով իր մեկնաբանությունները ներկայացնելու:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել