Ի՞նչ ձեռքբերումներ են գրանցվել 2015թ.-ին արդարադատության ոլորտում. Արման Թաթոյանի պարզաբանումները

Քրեական արդարադատության, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և վարորդների խնդիրներին առնչվող հարցեր ենք քննարկել Արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանի հետ: Ինչո՞վ էր առանձնանում 2015թ.-ը, ի՞նչ է գերատեսչությունը իրականացրել ու իրականացնում տուգանքների ծանուցման խնդրի լուծման ուղղությամբ, այս և առավել ցավոտ՝ ընդդեմ Հայաստանի ՄԻԵԴ-ի վճիռների և դատավորներին պատժել-չպատժելու հարցերն են քննարկվել:

Մանրամասները՝ հարցազրույցում:

– Ի՞նչ ձեռքբերումներ են գրանցվել 2015թ.-ին:

– Արդարադատության նախարարությունը բավականին մեծ կառույց է: Ես իմ ոլորտներին անդրադառնալով կարող եմ ասել, որ բավականին լուրջ ձեռքբերումներ ունենք՝ նախ քրեական օրենսգրքի բարեփոխումները խոշտանգման մասով՝ ամենաժամանակակից լուծումների համապատասխան: Վստահաբար կարող նշել, որ նոր փոփոխությունների արդյունքում պաշտպանության ավելի շատ երաշխիքներ կան, քան ՄԱԿ-ի կոնվենցիայի 1-ին հոդվածում է: Մյուս կարևոր փոփոխությունն այն է, որ բարոյական վնասի հատուցման համակարգը ամբողջացավ: Մեզ համար կարևոր նշանակություն ունի նաև Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին օրենքի փոփոխությունները, որտեղ իրավաբանական օգնության տրամադրման մեխանիզմը զգալիորեն փոխվեց, մասնավորապես՝ ոչ աշխատանքային ժամերին անգամ հնարավորություն է ընձեռնվում կալանավորվածին տեսակցել իր պաշտպանին ոչ միայն քրեական գործի շրջանակներում, նաև այլ խնդիրներով, եթե անձն իրավաբանական խորհրդատվության կարիք ունի, բացի այդ առավել նպաստավոր պայմաններ են ստեղծվել արդյունավետ և անհապաղ օգնություն ստանալու համար և այլն:

– 2015թ. 9 ամիսների ընթացքում՝ Եվրոդատարանի վճիռներն՝ ընդդեմ Հայաստանի վճիռները 7-ն են, խոսքը գնում է այն վճիռների մասին, որոնք տեղադրված են ԱՆ-ի կայքում, վերջին երեք ամիսների ընթացքում բնականաբար ավելացած կլինեն, որովհետև նմանատիպ վճիռներ եղել են: Արդյոք վիճակագրություն կա, թե նախորդ տարվա հետ համեմատած ի՞նչ առաջընթաց կամ հետընթաց ունենք:

– Ինտերակտիվ կարգով կարող եք վիճակագրական տվյալները տեսնել Եվրոպական դատարանի Հայաստանի ներկայացուցչության վեբ կայքում, այստեղ կա 2007թ.-ից սկսած մինչև հիմա ներկայացված վիճակագրությունը:

– Իսկ խնդրի լուծումը ինչպե՞ս եք տեսնում. ո՞նց անել, որ հարկատուների հաշվին բյուջեից գումար չմուծվի դատական սխալի համար:

– Ճիշտ հարց եք բարձրացնում, մի քանի լուծումներ կան, նախ մենք պետք է օրենսդրական եղանակները կատարելագործենք այն աստիճան, որ խախտումներ չլինեն: Այդուհանդերձ, գաղտնիք չէ, որ մենք խախտումների մի զգալի հատված ենք ունենում, որը վերաբերում է պրակտիկային: Խնդրի լուծմանը նպաստում է Արդարադատության ակադեմիայի գործունեությունը, որը բավական արդյունավետ է իրականացնում իր գործառույթները, այդ մասին բազմիցս նշվել է նաև միջազգային ատյաններում: Ինչէ, ի փաստ է, որ իրավակիրառական պրակտիկան պետք է բարելավվի: Նշեմ, որ մենք ԵԽ-ի հետ սկսել ենք որոշակի ուղեցույցների մշակման համատեղ պրակտիկա, խոսքը գնում է ոչ թե ընդհանրական, այլ հատուկ թիրախավորված ուղեցույցների մասին:

– Պատժիչ մեխանիզմների մասին շատ է խոսվել՝ ֆինանսական տույժի ենթարկել և այլն: Ձեր դիրքորոշումը ո՞րն է:

– Գումարային հարցերը խորհրդարանում ևս բարձրացվեցին: Ես դրա հետ համամիտ չեմ, որովհետև չի կարելի դատական սխալի համար գումար գանձվել դատավորներից, սրա մասին վկայում է նաև միջազգային պրակտիկան: Այլ բան է, որ կարգապահական պատասխանատվության կարող են ենթարկվել անձիք, նման մեխանիզմներ մենք ունենք: Մասնավորապես՝ Եվրոպական դատարանի վճռի դեպքում, որ երբ նոր հանգամանք է առաջ գալիս, սա լիարժեք հիմք է, որ դիմենք ու դատավորին ենթարկենք կարգապահական պատասխանատվության:

– 2015թ. որոշվեց, որ Քրեական դատավարության ու Քրեական նոր օրենսգրքերը պետք է սինխրոնացված ընդունվեն: Մինչ այդ մենք հարցադրում էինք անում, թե ե՞րբ ենք ունենալու Քրեական դատավարության նոր օրենսգիրքը, ի վերջո՝ այս մասով ի՞նչ որոշվեց:

– Քրեական դատավարության նոր օրենսգիրքն այժմ գտնվում է խորհրդարանում: Մի կարևոր քայլ ենք մենք իրականացրել՝ մոտ 7 ամիս քննարկեցինք պառլամենտի համապատասխան հանձնաժողովի հետ, ստացանք մեծածավալ առաջարկություններ, որոնք ամփոփել ու լրամշակված ետ ենք ուղարկել: Ժամկետ չեմ ուզում ասել, բայց պայմանավորվածություն կա, որ հնարավորինս արագ քննարկումներ իրականացվեն: Ինչո՞ւ ենք մենք սպասվում Քրեական օրենսգրքին. այն անգամ նախագծային տեսքով էր մեզ պետք՝ հասկանալու համար դրանում ամրագրված լուծումների համապատասխան փոփոխություն անո՞ւմ ենք, թե՝ ոչ: Սպասում ենք, որ ամիսներ անց մենք կունենանք ամփոփված տեսք: Հարցեր կան, որ մեկ առ մեկ պետք է մասնագետների, կառույցների ու փաստաբանների հետ քննարկենք:

– Անցնենք վարորդների խնդիրներին, որոնք բավականին արդիական էին նաև անցած տարում: 2015թ. վերջին ԱԺ մտավ ու ընդունվեց, իսկ դեկտեմբերի 30-ին ստորագրվեց վարորդների իրավունքներին առնչվող օրենսդրական փաթեթը: Մինչ այդ վարորդներին հայտնի համաներումը գործում էր մինչև 2015թ.-ը, սակայն հիշատակված նախագծով այն երկարաձգվեց: Ի՞նչ լուծումներ են տրվել:

– Այստեղ կարգավորումը հստակ է՝ 2012թ. հունվարի 1-ից մինչև 2015թ. հունվարի 9-ը, այն անձիք, ովքեր ունեցել են տուգանքներ և չեն վճարել, ապա օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 6 ամսվա ընթացքում վճարելու դեպքում ազատվում են ավելացումների համար սահմանված վճարից և կատարողական գործողությունների վճարից: 2015թ. հունվարի 9-ից սկսած մինչև օրենքի ուժի մեջ մտնելը դարձյալ համաներման կանոնը գործում է ավելացումների մասով:

(Նշենք, որ օրենքն ուժի մեջ է մտնում 2016թ. հունվարի 11-ից – Գ.Թ.)

– Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում կատարվելիք փոփոխությունների նախագծի նախնական տարբերակում խոսք էր գնում նաև բալային համակարգի մասին, սակայն այն հանվեց, ինչո՞ւ:

– Դա դուրս հանվեց նախագծից՝ հաշվի առնելով շահագրգիռ մարմինների հետ քննարկումները: Նախնական նախագծում այսպես էր ամրագրված` ընդհանուր սահմանված էր 600 բալ, յուրաքանչյուր տուգանքի պարագայում, օրինակ՝ 1000 դրամի պարագայում երկու բալ դուրս էր գալիս, վճարելու դեպքում՝ մեկ բալ: Այդուհանդերձ, մտահոգություն կար օրենսդիրում, որ անհրաժեշտ պայմանների բացակայության պարագայում այս համակարգը կարող է չաշխատել: Նշեմ նաև, որ վարորդական վկայականից զրկելու սահմանաչափը 300 հազար ՀՀ դրամ էր, մենք 500 հազար ՀՀ դրամ դարձրեցինք և նախատեսեցինք, որ այդ ընդհանուր տուգանքների չափը, եթե գերազանցում է նշյալ գումարը, ապա անձը կարող է 6 ամսով զրկվել վարելու իրավունքից: Մի կարևոր նրբություն կա, եթե մինչև վարորդական իրավունքի վկայականից զրկվելու որոշման կայացումը, որը, ի դեպ, բավականին երկար ժամանակ կարող է տևել, անձը վճարում է թեկուզ որոշակի գումար այդ չափից, ապա նա չի զրկվի վարելու իրավունքից: Այս օրենսդրական դրույթի կիրառության փորձը արդեն հնարավոր է, տեսնենք ինչպես կձևավորվի պրակտիկան:

(Նշենք նաև, որ բալային համակարգը` 100 միավոր սանդղակով, գործում է հարևան Վրաստանում – Գ.Թ.)

– Բավականին խնդրահարույց են ծանուցումները, ամենախոցելին՝ ԴԱՀԿ-ի ծանուցման համակարգն է: Արդյոք անդրադարձ կատարվե՞լ է այս հարցին:

– Այո, դա եղել է առաջնահերթ խնդիրների թվում, որ ծանուցման համակարգը լիարժեք գործի: Եթե այն անարդյունավետ է, ապա կախվածության մեջ է դրվում օրենսդրական մեխանիզմների արդյունավետ գործունեությունը: Այդ իսկ պատճառով քննարկել ենք ու համակարգի վրա ակտիվ աշխատանքներ ընթանում են, բավականին հարցեր լուծված են: Խորհրդարանում էլ Արդարադատության նախարարը հայտարարեց, որ այդ առումով սկզբունքային լուծումներ են նախատեսվում: Ընդ որում՝ ասեմ, որ նախագիծն էլ է նախատեսում դրան: Օրինակ՝ մենք նախատեսել ենք, որ էլեկտրոնային փոստով ծանուցում ստանալու դեպքում անձը կարող է էլեկտրոնային եղանակով գանգատ ուղարկել, այսօր չունենք այդ համակարգը:

Հարցազրույցը՝ Գևորգ Թոսունյանի

Լուսանկարները՝ Ալեքսանդր Սարգսյանի

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել