Այսօր հրապարակվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագծի վերաբերյալ մասնագիտական դիրքորոշում ներկայացնող ՀՀ փաստաբանների պալատի աշխատանքային խմբի կարծիքը:
ՀՀ փաստաբանների պալատի Աշխատանքային խումբը ժամանակի սղության պատճառով քննարկել է միայն նախագծի 1-ին՝ «Սահմանադրական կարգի հիմունքներ», 2-րդ՝ «Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները», 7-րդ՝ «Դատարանները և բարձրագույն դատական խորհուրդը» ու 8-րդ՝ «Դատախազությունը և քննչական մարմինները» գլուխները։
Ըստ հեղինակային խումբի՝ հասարակական այնպիսի հարաբերությունների սահմանադրաիրավական կարգավորումը, որոնք սահմանադրական կարգավորման ենթակա չեն, անհարկի ծանրաբեռնում է Սահմանադրությունը և հետագայում կարող է խոչընդոտել սահմանադրական նորմերի պատշաճ կիրառմանը:
Ուշագրավ է համարվում այն, որ Նախագծի 17-րդ հոդվածի 2-րդ մասով պետության և եկեղեցու հարաբերությունների կարգավորման հնարավորությունը թողնվել է հատուկ համաձայնագրի կարգավորմանը, ի տարբերություն գործող սահմանադրության, որի 8.1 հոդվածի 4-րդ մասի համաձայն այդ հարաբերությունները կարող են կարգավորվել օրենքով:
Ըստ աշխատանքային խմբի`«համաձայնագիր» եզրույթը պետք է փոխել «օրենք» եզրույթով, որպեսզի իրավական անորոշություն մտցնելու խնդիր չառաջանա և ընդունման դեպքում անցանկալի տարընթերցումների ու հասարակական մեկնաբանությունների տեղիք չտա:
Նշվում է նաև, որ նախագծի տեքստը տարբերվում է գրծող Սահմանադրությունից, օրինակ` 23-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` կյանքից զրկելը չի համարվում կյանքի իրավունքի խախտում, եթե այն հետևանք է այնպիսի ուժի գործադրման, որը բացարձակապես անհրաժեշտ է: Գործող Սահմանադրության մեջ այս նույն հոդվածում ասվում է, որ յուրաքանչյուր ոք ունի կյանքի իրավունք և ոչ ոք չի կարող դատապարտել կամ ենթարկել մահապատժի:
Մասնավորապես, այս նախագծի մեջ «բացարձակապես անհրաժեշտ» հասկացությունը աննպատակ է օգտագործվում: Աշխատանքային խմբի անդամները գտնում են, որ հոդվածում առկա դրույթը թերի է, քանի որ չի հստակեցվում, թե ո՞ւմ պարտականությունն է այդ «բացարձակապես անհրաժեշտ» դեպքերի սահմանումը կամ թե ի՞նչ իրավաբանական ակտով այն պետք է սահմանվի:
Նախագծի 29-րդ հոդվածի համաձայն` խտրականությունը` կախված սեռից, ռասսայից, մաշկի գույնից, գենետիկական հատկանիշներից, աշխարհահայացքից, տարիքից կամ սոցիալական դիրքից, արգելվում է:
Մասնագետների կարծիքով` ներկայումս կանանց և տղամարդկանց իրավահավասարության ապահովման առումով Հայաստանում վիճակը չափազանց մտահոգիչ է, այդ իսկ պատճառով Աշխատանքային խումբն առաջարկում է հոդվածը լրացնել նոր մասով հետևյալ խմբագրությամբ` «Խտրականությանը կամ անհավասարությանը նպաստող, կանանց և տղամարդկանց իրավահավասարության արդյունավետ իրականացմանը խոչընդոտող սոցիալական, տնտեսական, մշակույթային և այլ հիմնապատճառների հաղթահարման կիրառելի միջազգային պայմանագրերի համաձայն կարող են կիրառել դրական խտրականություն կամ անհավասարություն ենթարկող հատուկ ժամանակավոր միջոցներ»:
Պատրաստեց Ազնիվ Սիրադեղյանը