«Գնել են» խոզեր

ՀՀ ոստիկանության կայքից տեղեկանում ենք,որ փետրվարի 27-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մասիսի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել 1954 թ. ծնված Կամավոր Տ.-ն և հայտնել, որ իր անասունները վաճառել է, որոնց գումարը գնորդները չեն տվել:

Նույն օրը, ժամը 21.00-ին, Կամավոր Տ.-ն հաղորդում էր տվել, որ փետրվարի 27-ի առավոտյան ոմն Արայիկ զանգահարել է իրեն և խոզեր գնելու ցանկություն հայտնել: Այնուհետև կեսօրին իրենց տուն են եկել երկու անծանոթ` ոմն Արման և Սաքո, որոնք իրենից գնել են 3 գլուխ խոզ և «ԵրԱԶ» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել, ապա Արմանն իր հետ գնացել է Երևան քաղաքի 17-րդ թաղամաս, որպեսզի գումարը վճարի, սակայն մտնելով բարձրահարկ շենք` չի վերադարձել: Նյութական վնասի չափը կազմել է մոտ 850.000 դրամ:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումներով պարզվել է, որ նշված խարդախությունը կատարել է 1966 թ. ծնված Սամվել Պ.-ն: Սամվել Պ.-ն ձերբակալված է: Նախաքննությունը շարունակվում է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել