«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում քիչ առաջ ավարտվեց Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժած կնոջ վիրահատությունը։ Այս մասին տեղեկանում ենք առողջապահության նախարարությունից:
Հիշեցնենք, որ հիվանդն «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն էր ընդունվել ծանր վիճակում` հրազենային միջանցիկ սեգմենտալ վնասվածքով։
Երեք ժամ տևած վիրահատության ընթացքում կատարվել է հրազենային գանգուղեղային վնասվածքի առաջնային վիրաբուժական մշակում։ Պարզվել է, որ կնոջ մոտ առկա է ծոծրակոսկրի բեկորային ներհրված կոտրվածք, միջաձիգ սինուսի վնասվածք, ուղեղիկի ձախ կիսագնդի ներուղեղային արյունակույտ և կոնտուզյոզ օջախ։ Արյունահոսությունը դադարեցվել է, հեմատոման` հեռացվել։ Վիրահատությունն ավարտվել է բարեհաջող, մասնագետները կնոջ վիճակը գնահատում են կայուն ծանր։ Հետվիրահատական շրջանում պահպանվում է արհեստական շնչառությունը։ Այս պահին գիտակցության մակարդակը գնահատել հնարավոր չէ, քանի որ հիվանդը գտնվում է քնաբերների ազդեցության տակ։