Կասկածյալի կարգավիճակ չի լինի, առաջարկվում են նոր մեխանիզմներ. ՔԴՕ նախագիծ

Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծից դուրս է բերվել կասկածյալի կարգավիճակը: Ոլորտի մասնագետներն անդրադառնալով խնդրին՝ նշում են, որ այս նորամուծությունը կարող է պատճառ դառնալ մարդու իրավունքների ոտնահարման:

Օրինակ է բերվում մի իրավիճակ, երբ անձը քննչական մարմին է կանչվել որպես վկա, սակայն նրա հանդեպ կան կասկածներ` հանցագործություն կատարելու վերաբերյալ: Հարցաքննե՞լ որպես վկա` խախտելով նրա մի շարք իրավունքներ, օրինակ, պատասխանել իր դեմ հնչեցված հարցերին, թե ձերբակալել նրան, որպեսզի վերջինս կարողանա օգտվել լռելու, պաշտպան ունենալու և այլ իրավունքներից:

Իրավաբան.net-ի հետ զրույցում այս հարցի վերաբերյալ ՔԴՕ նախագծի համահեղինակ, արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը նշեց, որ բարձրաձայնված խնդրին ծանոթ է և կարևորում է այս հարցի լուծումը, սակայն դեռևս ՔԴՕ նախագծում փոփոխություններ անելու վերաբերյալ մանրամասների մասին չխոսեց.

«Թույլ տվեք այս փուլում այս մասով ձեռնպահ մնալ բացահայտելուց: Տարբերակը, որ կա, հայտնի է հանրությանը Ազգային Ժողովին ուղարկված տարբերակն է: Իսկ ԱԺ-ի հետ քննարկման արդյունքում ամբողջական տարբերակը մենք մանրամասն կքննարկենք մասնգիտական հանրության հետ»,- ասաց Ա. Թաթոյանը:

Այս հարցի վերաբերյալ որպես լուծում առաջարկվում է ասոցացված վկայի ինստիտուտի ներդրումը, երբ անձը դասական իմաստով վկա չէ և հարցաքննության ընթացքում կարող է օգտվել մեղադրյալի իրավունքներից, այսինքն՝ լռել և ցուցմունքներ չտալ: Սրա վերաբերյալ Ա. Թաթոյանն ասաց.

«Դա ֆրանսիական մոդելն է, որը  ես շատ մանրակրիտ եմ ուսումնասիրել, քանի որ իմ թեկնածուական ատենախոսության և գիտական հետազոտությունների բաղկացուցիչ մասն է կազմում: Այդ համակարգի ուղիղ ներդրումը նույնպես կարող է խնդիրներ առաջացնել, քանի որ այն օտար ինստիտուտ է և պետք է զգույշ լինենք լուծումներում: Ես չեմ ասում, որ ընդհանրապես բացառենք օտար ինստիտուտների ներդրումը, սակայն այս հարցերում պետք է զգույշ լինենք»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել