Ներկայիս գործով Քրեական դատավարության օրնսդրությամբ՝ եթե անձին ձերբակալում են, ապա այդ պահից սկսած 72 ժամվա ընթացքում նախաքննական մարմինը, եթե անձը մեղադրյալի կարգավիճակ է ստանում, կարող է ցանկացած պահի դիմել դատարան` անձին կալանքի տակ առնելու միջնորդությամբ: Պրակտիկան ցույց է տալիս, որ դատարան կարող են ներկայացնել ընդհուպ 72-րդ ժամին և անձը, հակառակ օրենքի, 72-րդ ժամը լրանալուց հետո էլ ազատ չի արձակվում: Իսկ դատարանն էլ, բնականաբար, ողջամիտ ժամանակ չի ունենում` միջնորդությունը քննելու համար:
Քրեական դատավարության նոր օրենսգրքի (ՔԴՕ) նախագծով սակայն փոփոխություն է արվել. նախաքննական մարմնին տրվել է 60 ժամ` անձին դատարան ներկայացնելու համար, իսկ 12 ժամը վերապահվել է դատարանին` կալանքի միջնորդությունը քննելու և որոշում ընդունելու համար: Այս նոր կարգավորումը սակայն քննչական մարմինների կողմից հավանության չի արժանացել: Նրանք պնդում են, որ հատկացված 60 ժամը բավականին քիչ է՝ բավարար քննչական գործողությունների և ապացույցների ձեռքբերման համար:
ՔԴՕ նախագծի համահեղինակ, արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը սակայն չի կիսում այս կարծիքը. «Համաձայն չեմ այդ դիտարկման հետ, կարծում եմ համակարգի մեջ խնդիրը դիտարկելու պարագայում այլ արդյունքներ կարող ենք ստանալ»,- Իրավաբան.net–ի հետ զրույցում ասաց Ա. Թաթոյանը:
Նա հավելեց, որ իրենք նույնպես կարևորում են այն հարցը, որ քննիչը պետք է հնարավորություն ունենա սահմանված ժամկետում իր առջև դրված խնդիրը լուծելու. «Մենք մեր առաջ դրել ենք խնդիր՝ ինչպե՟ս անել, որպեսզի հանրային և մասնավոր շահի հավասարակշռված պաշտպանություն ապահովենք այս փուլում: Մեր կարծքով՝ լուծումը դա է եղել, այն ժամանակ սա քննակվել է նա և քրեական հետապնդման մարմինների հետ»:
Փոխնախարարը հավելեց նաև, որ այս հարցի վերաբերյալ փոփոխություններ կարող են լինել, սակայն մանրամասներ հայտնել չցանկացավ՝ ասելով, որ հարցը կքննարկվի այն ժամանակ, երբ նախագծի նոր ամբողջական տարբերակը կներկայացվի: