Այսօր Արդարադատության ակադեմիա են այցելել ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն ու ԼՂՀ գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանը:
Ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանի ուղեկցությամբ հյուրերը` ՀՀ և ԼՂՀ գլխավոր դատախազները, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահ Էմիլ Բաբայանը շրջայց են կատարել, ծանոթացել Ակադեմիայի շենքային պայմաններին, հետևել լսարաններում ընթացող դասերին: Հայկական երկու հանրապետությունների Գլխավոր դատախազները եղել են նաև այն քննասենյակում, որտեղ այդ պահին ընթանում էր դատախազի 16 թեկնածուների «Դատախազի մասնագիտական էթիկա» առարկայի գրավոր քննությունը: Ընդգծելով գիտելիքի բացառիկ կարևորությունն արդի ժամանակաշրջանում՝ Գևորգ Կոստանյանն Ակադեմիայի ունկնդիրներին կոչ է արել լավ սովորել, անընդհատ կատարելագործվել, քայլել իրավունքի զարգացմանը համընթաց:
Այնուհետև անցկացվել է խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է Ակադեմիայի կողմից կատարված աշխատանքը, առաջիկա ծրագրերը՝ առանձնահատուկ շեշտելով մասնագիտական պատրաստմանն ու վերապատրաստմանն առնչվող հարցերը:
Հյուրերը հետաքրքրվել են այս պահին Ակադեմիայում ԼՂՀ-ից մասնագիտական պատրաստում անցնող դատախազի 5 թեկնածուների ուսումնական առաջադիմությունից՝ հատուկ ընդգծելով, որ Լեռնային Ղարաբաղին հարկավոր են բացառապես որակյալ ու բանիմաց մասնագետներ: Ակադեմիայում ուսումնառությունը հաջողությամբ ավարտելու դեպքում հենց այդ կադրերն են համալրելու ԼՂՀ դատախազական համակարգը:
Հանդիպման ավարտին կողմերը հույս են հայտնել, որ արդյունավետ համագործակցությունը կապահովի զարգացման նոր հեռանկարներ:
Արդարադատության ակադեմիայի հանրային կապերի բաժին