Ամուսնալուծվելուց հետո հաճախ կանայք կանգնում են փաստի առաջ. պարզվում է, որ համատեղ կյանքի ընթացքում ձեռքբերված գույքի նկատմամբ իրենք որևէ իրավունք չունեն:
Փաստաբան Հունան Տեր-Վարդանյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում նշում է, որ սրա հիմանական պատճառը հետևյալն է. «Հասարակությունում ձևավորված դրվածքի պատճառով ավելի մեծ գույքային ակտիվները տնօրինում է ամուսինը: Տնօրինելու ազատության հետևանքով հնարավորություն է ստանում ինչ-որ եղանակներով թաքցնել ընդհանուր սեփականության գույքը: Օրինակ, ստացած աշխատավարձով գույք է ձեռք բերում իր մայրիկի կամ այլ բարեկամի անունով կամ ձեռքբերված գույքը ձևակերպվում է որպես իրեն նվիրատվություն»:
Հունան Տեր-Վարդանյանի խոսքով, ամուսնալուծվելուց հետո գույքային խնդիրներ չեն ունենում միայն այն դեպքում, երբ ամուսնալուծությունը նախապես պլանավորած են լինում և որոշումը պահի ազդեցության տակ չի ընդունվում:
«Այս դեպքերում կինը որոշակի քայլեր է անում` գույքն իրենը դարձնելու կամ հետագայում այն տիրապետելու իրավունքն ապահովելու համար` բանկային հաշիվն է դատարկում, գույքը տեղափոխում է այլ տեղ և այլն. այդ միջոցները շատ են»: