Մայիսի 16-17-ին Ծաղկաձորում տեղի ունեցավ «Քրեական գործերով տեղեկատվություն տրամադրելու սկզբունքները» կլոր սեղան-քննարկումը, որին մասնակցում էին ՀՀ քննչական կոմիտեի ներկայացուցիչներ, քննիչներ, լրագրողներ, փաստաբաններ և ՀԿ ներկայացուցիչներ:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, իրավական գիտությունների դոկտոր, դոցենտ Արթուր Ղամբարյանն անդրադարձավ տեղեկատվության ազատության և նախաքննության գաղտնիության, մասնավոր կյանքի պաշտպանության հիմնախնդիրներին: Մարդու իրավունքների պաշտպանի տեղակալ Արմեն Գրիգորյանը խոսեց քաղաքացիների տեղեկություն ստանալու իրավունքի իրացման ու նախաքննական գաղտնիքին առնչվող իրավակարգավորումներից:
Բանախոսները փորձում էին հնարավորինս հստակեցնել, թե որն է նախաքննական գաղտնիքը և որ դեպքում են քննիչները շահարկում այս որակումը, նյութեր չտրամադրելու համար:
Քննարկմանը ներկա էր նաև ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը, ով նաև պատասխանեց լրագրողներին հուզող մի շարք հարցերի՝ անդրադառնալով Հիմնադիր խորհրդարանի անդամ Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների, Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի դեմ իրականացված սպանդի, Սյունիքում տեղի ունեցած միջադեպի գործերին և դրանց շրջանում իրականացված քննչական գործողություններին:
Խոսելով Ավետիսյանների ընտանիքի սպանության գործին պարոն Հովսեփյանն ընդգծեց, որ ՀՀ և ՌԴ իրավապահ մարմինների կողմից ամեն ինչ արվում է, որ գործը բացահայտվի. «Ոչ մի փաստ բաց չի թողնվում, վստահ եմ, որ գործն ավարտելուց հետո մանրամասն հանրությանը կիրազեկենք»,- նշեց ՔԿ նախագահը:
Սեմինարներով հանդես եկան նաև Ինֆորմացիայի ազատության կենտրոն ՀԿ-ի նախագահ Շուշան Դոյդոյանը, փաստաբան Երեմ Սարգսյանը և լրագրող Ռուզաննա Մինասյանը:
ՀՀ քննչական կոմիտեի քրեական գործերի քննության աջակցության վարչության ՀԿԳ ավագ քննիչ Դավիթ Թումասյանը ներկայացրեց Քննչական կոմիտեի ծառայողների կողմից քրեական գործերով տեղեկատվություն տրամադրելու որոշման նախագիծը, այն ներառում էր կետեր, որոնցով սահմանվում էր, թե որ դեպքերում կարելի է տրամադրել ինֆորմացիա և որ դեպքերում հրաժարվել դրանից. նախագծի մասին իրենց կարծիքներով և առաջարկներով հանդես եկան նաև մյուս կողմերը:
Լիլիթ Շաբոյան
Իրավաբան.net