Ինչպես արդեն իսկ հայտնել էինք, Շանթ Հարությունյանի և ընկերների գործով ուղարկված ամբաստնյալների և նրանց պաշտպանների բողոքը վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել: Գործը համարվում է ավարտված և ուժի մեջ են մտել առաջին ատյանի կողմից ընդունած մեղադրական դատավճիռները:
Իրավաբան.net–ի հետ զրույցում սակայն Շանթ Հարությունյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը հայտնեց, որ արդարադատության հասնելու ներպետական բոլոր ատյանները սպառված են և պետք էս գործով գանգատ ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան. «Դեռևս չենք քննարկել այդ հարցը, բայց, այո, տրամադրված ենք»:
Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանը Շանթ Հարությունյանին մեղավոր էր ճանաչել խուլիգանության հոդվածով: Նա դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման, նույն հոդվածով դատապարտվել է նաև ամբաստանյալ Ալբերտ Մարգարյանը, նա անազատության մեջ կլինի 6 տարի: Շանթ Հարությունյանի անչափահաս որդին` Շահեն Հարությունյանը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման, սակայն այն չկիրառվեց` Քրեական օրենսգքրի հոդված 70 համաձայն (Պատիժը պայմանականորեն չկիրառաելը):
Ալեք Պողոսյանը և Ավետիս Ավետիսյանը մեղավոր են ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով` համապատասխանաբար դատապարտվելով 4 և 5 տարվա ազատազրման, 4 տարվա ազատազրկման դատապարտվեց նաև Մկրտիչ Հովհաննիսյանը: Հայկ Հարությունյանը դատապարտվել է 4,5 տարվա, իսկ Լիպարիտ Պետրոսյանը` 5 տարվա ազատազրկման:
Սևակ Մնացականյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, ինչպես նաև 2-րդ կետերով` դատապարտվելով 1,5 տարվա ազատազրկման: Տիգրան Պետրոսյանն ու Արմեն Հովհաննիսյանը դատապարտվել են 1 և 2 տարվա ազատազրկման: Վահե Մկրտչյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 316-րդ հոդվածի 2-րդ մասով` ընդհանուր առմամբ դատապարտվելով 7 տարվա ազատազրկման, իսկ Վարդան Վարդանյանը` 5 տարվա ազատազրկման: