Վերահսկիչ պալատը որպես օրինավորության ազգային համակարգի ամենաուժեղ սյուներից մեկը. ԹԻՀԿ

Ապրիլի 30-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ ներկայացրել է «Հայաստանի օրինավորության ազգային համակարգի գնահատում 2014» զեկույցը, որում ուսումնասիրվել են Հայաստանի 13 հաստատությունների և ինստիտուտների (այդ թվում նաև ՀՀ Վերահսկիչ պալատի) հակակոռուպցիոն կանխարգելման մեխանիզմները և երաշխիքները: Այս մասին տեղեկանում ենք  ՀՀ Վերահսկիչ պալատի պշտոնական կայքից:

Ըստ զեկույցի` «Վերահսկիչ պալատը մնում է որպես օրինավորության ազգային համակարգի ամենաուժեղ սյուներից մեկը, և չնայած պալատի գործնական անկախությունը մնում է միջին մակարդակի վրա, բայց բարձր են թափանցիկության, հաշվետվողականության և օրինավորության աստիճանները: ՎՊ-ն շարունակում է պատշաճ կերպով իրականացնել իր առաքելությունը»:

Զեկույցում նշված է, որ, «այլ պետական հաստատությունների հետ համեմատած, Վերահսկիչ պալատը կարելի է համարել ավելի անկախ և թափանցիկ, իսկ հաշվետվողականության տեսակետից պալատի զեկույցները բավականին լավ են մշակված»:

«Հայաստանի օրինավորության ազգային համակարգի գնահատում 2014» զեկույցի հեղինակները, ամփոփելով վերը նշված հետազոտության արդյունքները, առաջարկել են.
1. Պալատը դարձնել ավելի անկախ՝ դիտարկելով պալատի անդամներին սահմանադրական անձեռնմխելիություն տրամադրելը և համապատասխան օրենսդրական փոփոխությամբ վերացնելով պալատի անդամների ազատման ոչ հստակ հիմքերը:
2. Լրացնել օրենսդրությունը՝ սահմանելով հստակ ժամկետներ պալատի բացահայտումներին պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պատասխանների տրամադրման առումով:
3. Ձեռնարկել համապատասխան պատշաճ քայլեր և բարեփոխել օրենսդրությունը պալատի կազմակերպչական և ֆինանսական անկախությունը բարձրացնելու նպատակով:
4. Ձեռնարկել քայլեր պալատի աշխատակազմի համար կարիքների հիման վրա վերապատրաստումներ անցկացնելու ուղղությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել