«Այստեղ ֆինանսական վեճ չկա». Վարդան Պետրոսյանի գործը

«Բողոքարկելու խնդիր չկա, ի՞նչը բողոքարկես, երբ Վարդան Պետրոսյանը պատրաստ է հոգալ տուժող Տաթևիկ Հակոբյանի առողջության վերականգման ծախսերը»,- Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:

Խոսելով վերաքննիչ բերված բողոքից, մասնավորապես այն հանգամանքից, որ տուժող կողմի և իրավահաջորդների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը բողոք էր բերել քաղաքացիական հայցի մասով, պարոն Բաղդասարյանն ասաց. «Մենք քայլ կատարեցինք այդ առումով, ասելով, որ եթե գումարը, որ դուք պահանջում եք Տաթևիկ Հակոբյանի բուժումը ապահովելու համար հիվանդանոցում, որ նախատեսում է տուժող կողմը, ապա մենք պատրաստ ենք այդ հիվանդանոցին հատուցել բոլոր ծախսերը, Վարդան Պետրոսյանը կվճարի: Մենք առաջարկեցին պայմանագիր կապել, Տաթևիկ Հակոբյանի բուժման հետ կապված ծախսերը կհատուցի Վարդան Պետրոսյանը: Ուստի այս ուղղությամբ վեճ չկա»,- ասաց փաստաբանը:

Նշենք, որ տուժող կողմի և իրավահաջորդների ներկայացուցիչները քաղաքացիական հայցով դատարանից խնդրում էին Վարդան Պետրոսյանից հօգուտ տուժողների բռնագանձել 12 մլն 500 հազար ՀՀ դրամի չափով գումար, այս գումարի մեջ մտնում էր ինչպես ավտովթարի հետևանքով տուժած Տաթևիկ Հակոբյանի բուժման ծախսերն, այնպես էլ մյուս տուժողներին պատճառված վնասները, նաև փաստաբանական ծախսերը: Քաղաքացիական հայցը չի քննարկել առաջին ատյանի դատարանը, իսկ վերաքննիչ դատարանն այս մասով բերված բողոքը մերժել է:

Ըստ Նիկոլայ Բաղդասարյանի՝ բողոքն արհեստական բնույթ է կրում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել