Կառավարությունը խաղատներում 1 մլն դրամից ավելի գործարք անողների տվյալների շտեմարանի ստեղծման կարգը կքննարկի

Կառավարության վաղվա օրակարգի հարցերից մեկը վերաբերում է շահումով խաղերի և խաղատների կազմակերպիչների կողմից մեկ միլիոն դրամից ավելի գործարքներ իրականացնող հաճախորդների նույնականացման, տվյալների շտեմարանի ստեղծման և պահպանման կարգի հաստատմանը: Կարգի հաստատման վերաբերյալ կառավարության որոշման նախագիծը ներկայացնելու է ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը:

Համաձայն այդ կարգի 7-րդ կետի` հաճախորդի նույնականացման տվյալները առնվազն պետք է ներառեն անձնական տվյալները, գործարքի կատարման կամ դրա հաստատման ամսաթիվը, իրականացման եղանակը  (կանխիկ, անկախիկ), գումարի չափը,  գործառնության տեսակը (խաղանիշերի գնում, Խաղադրույքի կատարում, շահումի վճարում կամ տրամադրում, նշված երեքի հետ կապված ֆինանսական գործարք) շահումով խաղի տեսակը (մեքենայացված խաղ, կենդանի խաղ), հաճախորդի` միավոր ժամանակահատվածում տարբեր գործարքներով շրջանառող միջոցների աղբյուրները, շարժը և ծավալները, հաճախորդի եկամուտների և ունեցվածքի աղբյուրների վերաբերյալ տեղեկություններ, հաշվեհամարի և հաշվի շարժի վերաբերյալ տվյալները, ինչպես նաև գործարար թղթակցության տվյալները:

Իսկ ներպետական և միջազգային գործարքների կամ գործարար հարաբերությունների վերաբերյալ բոլոր անհրաժեշտ տվյալները (ներառյալ՝ հաճախորդի (և գործարքի մյուս կողմի) անունը, հաշվառման հասցեն և բնակության վայրը, գործարքի բնույթը, կատարման ժամկետը, գումարը և արժույթը, առկայության դեպքում նաև՝ հաշվի տեսակը և հաշվեհամարը), որոնք բավարար կլինեն տվյալ գործարքի կամ գործարար հարաբերության ամբողջական պատկերը վերականգնելու համար:

Տվյալները շտեմարանում պահպանվելու են առնվազն 5 տարի` անկախ նրանից, թե անձը շարունակել է նման գործարքների ունենալ, թե` ոչ:

Կազմակերպիչը պետք է ապահովի տվայլների շտեմարանում առկա տեղեկատվության անվտանգությունը, գաղտնիությունը և կանխի դրա չթույլատրված oգտագործումը, տնoրինումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել