500 հազար ՀՀ դրամը ճանապարհային երթևեկության ամենախիստ տուգանքն է: Համաձայն վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքի՝ երկու դեպքում վարորդը կտուգանվի ամենախիստ կերպով:
Այսպես` համաձայն նշյալ օրենսգրքի 124.4 հոդվածի 5-րդ մասի` ամենախիստ պատժի կենթարկվեն այն վարորդները, ովքեր երթևեկության սահմանված արագությունը կգերազանցեն 81կմ/ժ և ավելի: Տվյալ պարագայում խախտում կատարած անձը կտուգանվի նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով, այսինքն` 500 հազար դրամով:
Նշենք, որ այս տուգանքը սահմանվել է ս.թ. հուլիսի 26-ից ուժի մեջ մտած «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգրքում կատարված փոփոխությունների ու լրացումների արդյունքում:
Հարկ ենք համարում հիշեցնել, որ վարչական տույժ նշանակելիս որոշում կայացնող մարմինը (պաշտոնատար անձը) արագաչափ սարքի արձանագրած ցուցանիշից պարտավոր է հանել 10 կմ/ժ` արագաչափ սարքի հնարավոր սխալանքի համար:
Մյուս իրավախախտումն առնչվում է ԱՊՊԱ-ին: Առանց գործող ԱՊՊԱ պայմանագիր ներկայացնելու տրանսպորտային միջոցը հաշվառելը կամ ԱՊՊԱ պայմանագիր չունեցող տրանսպորտային միջոցը վարելու միջոցով Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծումը թույլատրելը, եթե ԱՊՊԱ պայմանագրի ներկայացումը (ԱՊՊԱ պայմանագիր ունենալը) տրանսպորտային միջոցի հաշվառման (տրանսպորտային միջոցը վարելու միջոցով Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծումը թույլատրելու)` օրենսդրությամբ նախատեսված պարտադիր պայման է առաջացնում է տուգանքի նշանակում` համապատասխան պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով: