Հայաստանի Հանրապետությունում պրոբացիոն ծառայության ներդրման հայեցակարգին հավանություն տալու մասին նախագիծը վերջապես մտավ ՀՀ կառավարության նիստի օրակարգ: Այսօր Հովհաննես Մանուկյանը ներկայացրեց այս ծառայությունը, դրա նպատակները, 4 հիմնական փուլերը՝ մինչդատական, դատական, պատժի կրման և հետպատժային:
Նախարարը շեշտեց, որ ՀՀ Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծով մի շարք փոփոխություններ նախատեսված են հենց այս ծառայության համար:
Նա նշեց, որ պրոբացիայի ստեղծումը շահավետ է նաև ֆինանսական տեսանկյունից, նախարարը ներկայացրեց վիճակագրությունը՝ հիմնավորելով այս ծառայության ներդրումը:
Նա ասաց, որ ծառայության ստեղծումը կարող է դրական արդյունքի հանգեցնել սոցիալական տեսանկյունից, մասնավորապես մարդու վերաինտեգրման հարցում:
«Հայեցակարգը բազմաթիվ փուլեր է անցել, շահագրգիռ քննարկումներ ենք ունեցել, այս պահի դրությամբ այն պատրաստ է»,- եզրահանգեց նախարարը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ցանկանում էր խոսք ասել, բայց այն կիսատ մնաց. նկատառում ուներ ՀՀ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:
Նա հաստատեց այն հանգամանքը, որ հայեցակարգը բավականին երկար քննարկվել է, առարկությունները եղել են ոչ թե ամբողջ հայեցակարգի, այլ պրոբացիոն ծառայության կիրառկման առաջին՝ մինչդատական փուլի վերաբերյալ, երբ պրոբացիոն ծառայությունը խորհրդատվություն է տալու հանցագործության մեջ կասկածվող կամ մեղադրվող անձի նկատմամբ խափանման միջոց կիրառելու վերաբերյալ:
«Սա մեր խորհին համոզմամբ անընդունելի է մի քանի պատճառով, որպեսզի որևէ պաշտոնատար անձ կամ հանրության ներկայացուցիչ որոշի, թե ինչ խափանման միջոց պետք է կիրառվի որևէ մարդու նկատմամբ, ապա ամբողջ քրեական գործի մասին պետք է կարծիք ունենա, որ նրա կարծիքը լինի արժանահավատ և օբյեկտիվ, ինչը մեր խորհին համոզմամբ այս ծառայությունը չի կարող իրականացնել»,- ասաց պարոն Կոստանյանը:
Գլխավոր դատախազը շեշտեց, որ այս հարցին պետք է կառավարությունը վերապահումով մոտենա. «Մեխանիկորեն բերել ներդնել միջազգային փորձը, այո շատ երկրներում կա, բայց գործնականում ամեն ինչ միանգամից ներդնելը ես կարծում եմ, որ լուրջ պրոբլեմ կունենաք: Այնպես որ իմ կարծիքով ժամանակային առումով պետք է ներդնենք փուլերը»,- նշեց նա:
«Մենք հենց այդ ճանապարհով էլ գնում ենք»,- պատասխանեց Հովհաննես Մանուկյանը: «Մենք փուլային ճանապարհով ենք գնում մինչդատական և դատական փուլում ամբողջ ծավալով տեսական մակարդակով այն բոլոր ուղղությունները, որ պրոբացիոն ծառայությունը կարող է ունենալ՝ որպես իր գործունեության առարկա, չենք պատրաստվում ներդնել և մենք շահագրգիռ էլ չենք դա անել, մենք նպատակ ունենք զրոյից կառույցը կայացնել»,- շեշտեց պարոն Մանուկյանը:
Արդարադատության նախարարությանը չշտապելու հորդոր ուղղեց ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանը: Նա շեշտեց, որ ներկայումս Հայաստանում այս ծառայությունը գործել չի կարող. «Հնարավոր է, որ մի 20-30 տարի հետո շատ գեղեցիկ մասնակցեն, բայց հիմա ես չեմ պատկերացնում: Շատ բարդ է: Ինձ թվում է, որ չպետք է շտապենք, կստեղծենք բարդություններ մեզ համար»,- ընդգծեց ԱԱԾ տնօրենը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդգծեց, որ շտապել պետք չէ, միաժամանակ նա կարևորեց այս ծառայությունը՝ հաստատելով հայեցակարգը: