ՀՀ «Ընտանեկան օրենսգրքի» 68-րդ հոդվածի համաձայն՝ ծնողները պարտավոր են պահել իրենց երեխաներին: Ծնողների միջև երեխաներին ապրուստի միջոց տրամադրելու մասին տարաձայնությունների դեպքում այդ պարտավորությունը կարող են իրենց մեջ բաժանել համաձայնություն կնքելով (ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնություն), այսինքն՝ երեխաներին ապրուստի միջոց տրամադրելու կարգն ու պայմանները նրանք կարող են սահմանել այդ համաձայնագրով: Հակառակ դեպքում ալիմենտը ծնողներից բռնագանձվում է դատական կարգով: Ծնողների` անչափահաս երեխաներին պահելու պարտականությունը ամեն դեպքում առկա է, իսկ ինչ վերաբերում է չափահաս զավակներին պահելու նրանց պարտականությանը, ապա այն առկա է, եթե այդ երեխաները անաշխատունակ են: Այս դեպքում ևս ալիմենտը ենթակա է դատական կարգով բռնագանձման: Իրավաբան.net-ի հետ զրույցում նշեց փաստաբան Աղավնի Մադոյանը:
Նրա փոխանցմամբ՝ երեխաների համար ՀՀ «Ընտանեկան օրենսգրքի» 69-րդ հոդվածին համապատասխան վճարվող ալիմենտային պարտքի չափը որոշվում է՝ ելնելով ալիմենտ վճարելու պարտավոր անձի վաստակից և այլ եկամտից այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում ալիմենտի բռնագանձում չի կատարվել: Ըստ օրենսգրքի՝ եթե ալիմենտ վճարելու պարտավոր անձն այդ ժամանակահատվածում չի աշխատել, կամ եթե չներկայացվեն նրա վաստակը և (կամ) այլ եկամուտը հաստատող փաստաթղթեր, ալիմենտային պարտքը որոշվում է` ելնելով դրա բռնագանձման պահին Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի կրկնապատիկի չափից:
Սակայն այս դրույթում Աղավնի Մադոյանը կցանկանար փոփոխություն կատարվեր. «Կայուն եկամուտ նայում են երեք ամսվա գործատուի մոտ աշխատանքը, բայց այժմ դատարանները նայում են մեկ ամսվա աշխատանքը: Ալիմենտի հետ կապված հարցերը կարգավորվում է այսպես՝ երբ հայցը ստանում է ծնողը, արագ տեղեկանք է բերում, դասավորվում է աշխատանքի՝ մինիմալ աշխատավարձով, և երկու կամ երեք երեխաների համար պետք է ալիմենտ գանձվի հենց այդ գումարից: Չպետք է մեկ ամսվա ընթացքում ընդունվեն աշխատանքի՝ ամենացածր վարձատրվող, և դա դատարանը համարի կայուն եկամուտ: Հենց դա պետք է օրենսդրական կարգավորման ենթարկվի»,- ավելացրեց փաստաբանը:
Մի խնդիր ևս կա, որի մասին խոսեց Աղավնի Մադոյանը. «Խնամակալության հոգաբարձության հանձնաժողովի ձևավորվող կարծիքը: Առհասարակ խնամակալության հոգաբարձության հանձնաժողովում սովորաբար հայեցողական լիազորություն է, որը երբեմն որոշիչ դեր է կատարում դատարանների համար: Եվ առհասարակ, մեզ բարեփոխումներ նաև անհրաժեշտ են, որպեսզի մեր քաղաքացիները կարողանան ավելի հստակ փորձեն լուծել իրենց վեճերը քաղաքացիական, քաղաքացիաիրավական համակարգի շրջանակներում»,- ասաց փաստաբանը:
Նա նաև հավելեց, որ քաղաքացիաիրավական վեճերը առաջանում են քաղաքացիների իրավագիտակցության ցածր մակարդակից. «Գործարքի ձևը չպահպանելը արդեն խնդիր է հանդիսանում, հիմնականում առքուվաճառքի պայմանագիր են կնքում՝ անվանափոխություն չեն անում, ստացական չեն տալիս: Քաղաքացիաիրավական ոլորտը կարգավորելու համար հարկավոր է պարզապես ձևը պահպանել»,- նշեց մեր զրուցակիցը:
Գայանե Գևորգյան
Իրավաբան.net