Ոստիկան վկան, չնայած որ դեպքի մանրամասները չէր հիշում, բայց սեփական նախաձեռնությամբ փորձարարություն կազմակերպեց ու բեմադրեց

Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող 28-ամյա Նարեկի գործով այսօրվա դատական նիստին կրկին չէր ներկայացել տուժող՝ արդեն նախկին ոստիկան Կարեն Սաղաթելյանը:

Վերջինս ազատվել է աշխատանքից, սակայն դատարանը ներկաներին տեղեկացրեց, որ սահմանային ծառայությունների տեղեկացմամբ տուժող Սաղաթելյանը Հանրապետությունից բացակայում է:

Գործով դատաքննությունն սկսվեց տուժողի բացակայությամբ և մեղադրող դատախազը հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը, ըստ որի՝ Նարեկը 2014թ. հունիսի 23-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Սարյան փողոցի 22 շենքի մոտ տեղի ունեցող բողոքի ակցիայի ընթացքում ծառայողական պարտականությունները կատարելու կապակցությամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել իշխանության ներկայացուցիչ հանդիսացող, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի երրորդ հատուկ գումարտակի ծառայող, ոստիկանության սերժանտ Կ.Սաղաթելյանի նկատմամբ՝ նրան պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:

Մեղադրական եզրակացության համաձայն՝ Նարեկը 1 անգամ ոտքով հարվածել է Սաղաթելյանի ձախ հետույքային շրջանին և 1 անգամ բռունցքով հարվածել է նրա գլխի ետևի շրջանին:

Նարեկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Առաջադրված մեղադրանքում Նարեկն իրեն մեղավոր չճանաչեց:

Դատարանի կողմից սահմանված ապացույցների հաջորդականության համաձայն հարցաքննվելու հրավիրվեց ոստիկան վկա Խաչատուր Հովհակիմյանն, ով սկզբում հայտարարեց, որ դեպքի մանրամասները չի հիշում, սակայն րոպեներ անց սեփական նախաձեռնությամբ քննչական փորձարարություն կազմակերպեց իր իսկ մասնակցությամբ, դատարանում բեմադրելով ամբաստանվող Նարեկի կողմից իր ստորադասին հարվածելու դրվագները:

Վկայի խոսքով՝ ինքը «շրջագայել» է քաղաքով և տեսել, որ Սարյան փողոցի վրա էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիա է ընթանում և մոտեցել է ակցիայի մասնակիցներին: Ոստիկաններն ակցիայի մասնակիցներին հորդորել են դուրս գալ փողոցի բանուկ մասից, քանի որ խանգարում են երթևեկությանը:

Ըստ ոստիկան վկայի՝ ինքը տեսել է, թե ինչպես է Նարեկը ոտքով հարվածում իր նախկին ստորադաս Կ.Սաղաթելյանին, իսկ երբ Նարեկը նկատել է, որ նա տեսել է այդ պահը, փախուստի է դիմել, ինքն էլ հետևել է ու բռնել, որից հետո գործընկերները մոտեցրել են ոստիկանության ենթակայությանը պատկանող ավտոմեքենային և բերման են ենթարկել:

Պաշտպանական կողմի միջնորդությամբ՝ ոստիկան վկայի ցուցմունքներում առկա էական հակասությունների պատճառով հրապարակվեց նրա նախաքննական ցուցմունքի այն դրվագը, որտեղ վկան հայտնել է, որ Նարեկին ինքն է բերման ենթարկել:

Որպես պարզաբանում վկան հայտնեց, որ Նարեկին բերման է ենթարկել մինչև ոստիկանության ավտոմեքենա:

Հաջորդը հարցաքննվելու հրավիրեց մեկ այլ ոստիկան վկա՝ Էդգար Գաֆիցան, ով ըստ նախորդ վկայի՝ դեպքի վայրում է եղել, սակայն վերջինս ոչինչ չէր տեսել:

Ակտիվիստի կողմից գործընկերոջը հարվածելու մասին էլ տեղեկացել էր հենց տուժողից:

Վկայի խոսքով՝ տուժող Սաղաթելյանի վնասվածքը տեսել է ոստիկանության բաժնում, նա նաև նշեց, որ գործընկերոջ տաբատը պատռված է եղել:

Վկան տեսել էր, որ գործընկերոջ տաբատը պատռված է, բայց թե ո՞ր հատվածում էր այդ պատռվածքը, այդպես էլ չկարողացավ նշել, սակայն հավելեց, որ գործընկերոջ ինքնազգացողությունը նորմալ է եղել:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մայիս 11-ին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել