Թուրքիան շարունակում է սպառնալ. Ռուսաստան, Գերմանիա, ԱՄՆ, Ֆրանսիա… ո՞վ է հաջորդը

Պաշտոնական Անկարան շարունակում է «պատժիչ» հայտարարություններով հանդես գալը: Վերջին հոխորտանքն ուղղված էր Ֆրանսիային, Ֆրանսիայի նախագահի Ֆրանսուա Օլլանդին, ով Երեւանում ոչ միայն փաստերը կոչել էր իրենց անուններով, այլ նաեւ ընդգծել, որ Ֆրանսիան երբեք չի մոռանա այն ողբերգությունը, ինչպիսին է Հայոց ցեղասպանությունը:

«Կարելի էր սպասել, որ Օլանդն արարողության ժամանակ կխոստովանի, թե Օսմանյան կայսրության բոլոր քաղաքացիները՝ անկախ կրոնից ու ազգությունից, ողբերգություն են ապրել դրա փլուզման գործընթացում: Ցավոք, նա նախընտրեց շարունակել իր խտրական մոտեցումը:

Թուրքիան կտրականապես հերքում ու դատապարտում է Ֆրանսիայի անարդար ու կանխակալ վերաբերմունքը: Նման մոտեցումը չի կարելի դիտարկել որպես դրական Ֆրանսիայում ապրող 600 հազար թուրքերի նկատմամբ»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ:

Վերջին օրերին Թուրքիան նման «քննադատական» հայտարարություններ հասցեագրել է նաեւ երեք գերտերություններին` Ռուսաստանին, Գերմանիային, ԱՄՆ-ին:

ԱՄՆ Նախագահ Բարաք Օբաման թեեւ իր ուղերձում չէր օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը, սակայն թվարկել էր հայերի նկատմամբ Օսմանյան Կայսրությունում կիրառված այն բոլոր բռնությունները, որոնց համակցությունը միջազգային կոնվենցաները որակում են «ցեղասպանություն»:

«1915 թվականից սկսած Օսմանյան կայսրությունում ապրող հայերը տեղահանվեցին, կոտորվեցին և իրենց մահը գտան գաղթի ճանապարհին: Ոչնչացվեց նրանց մշակույթը և ժառանգությունը իրենց հինավուրց հայրենիքում: Սարսափելի բռնությունների հետևանքով, որոնք տառապանք բերեցին բոլոր կողմերին, մեկևկես միլիոն հայեր կործանվեցին», – ասել է ԱՄՆ նախագահը:

«Մենք դատապարտում ենք ԱՄՆ նախագահի միակողմանի հայտարարությունը 1915թ. իրադարձությունների վերաբերյալ և մերժում ենք ցանկացած խտրական և կանխակալ մոտեցում դրանց իրավական գնահատականին»,- ասվում է Օբամայի խոսքերի վերաբերյալ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ:

Այս տարի վերջապես իր լռությունը խախտեց Գերմանիան, որի նախագահը Մեծ եղեռնի մասին խոսելիս ոչ միայն օգտագործել է «ցեղասպանություն» եզրը, այլ նաեւ ընդունեց իր պատասխանատվությունը:

«Հայերի ճակատագիրը զանգվածային ոչնչացման, էթնիկական զտումների, տեղահանումների, ցեղասպանությոնների պատմության օրինակ է, որոնցով 20-րդ դարն առանձնանում է սարսափելի ձևով: Այս ամենն իրականացվեց պատերազմի քողի ներքո», – հայտարարեց Գերմանիայի նախագահը` ցավով ընդունելով, որ եղել են գերմանացի զինծառայողներ, ովքեր ներգրավված են եղել տեղահանումների ծրագրավորման ու մասամբ նաև իրականացման գործում:

«Ոչ ոք իրավունք չունի թուրք ժողովրդին մեղադրելու այդ հանցագործության համար, որը նա չի արել: Գերմանիայում թուրքական համայնքի հարյուր հազարավոր ներկայացուցիչներ չեն լռի Թուրքիայի ժողովրդին մեղադրելու այդպիսի փորձի առաջ, որը երբեք չի մոռանա և չի ների նախագահ Գաուկի հայտարարությունները»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ` հիշեցնելով, որ Գերմանիայում  ապրում է արտասահմանի խոշորագույն թուրք համայնքը՝ մոտ 3 մլն մարդ:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երեւանյան ելույթին եւ նախօրեին տարածած ուղերձին Թուրքիան պատասխանել է մեղադրանքներով: «Մենք մերժում ենք ու դատապարտում «ցեղասպանություն» որակումը, որը, չնայած մեր նախազգուշացումներին, Պուտինը տվել է 1915թ-ի իրադարձություններին», – նշել է Թուրքիայի ԱԳՆ-ն իր տարածած հայտարարության մեջ` ավելացնելով, թե «Ռուսաստանում շատ ավելի լավ գիտեն, թե ինչ է ցեղասպանությունը, հաշվի առնելով այն զանգվածային սպանություններն ու տեղահանությունները, որ Ռուսաստանն անցյալ դարում իրականացրել է  Կովկասում, Միջին Ասիայում և Արևելյան Եվրոպայում»:

Իսկ օրեր առաջ, Թուրքիան հետ էր կանչել իր դեսպանին Ավստրիային` Ավստրիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հռչակագրի ընդունումից հետո: Այսպիսով`  Թուրքիան ներկա պահին դեսպան չունի 7 երկրում: Դրանք են` Եգիպտոս, Սիրիա, Իսրայել, Լիբիա, Եմեն, Վատիկան և Ավստրիա:

Ակներեւ է, որ աշխարհն արդեն գիտակցում է Հայոց Ցեղասպանության նկատմամբ միջազգային հանրության անտարբերության վտանգավոր դրսեւորումներն ու հետեւանքները, ու սարերի հետեւում չէ այն օրը, երբ բոլոր գերտերություններն այլեւս կաշկանդված չեն լինի թուրքական մեծ համայնքի առկայությամբ իրենց երկրներում եւ հենց իրենց երկրների բարօրության համար կընդունեն պատմական ճշմարտությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել