Բրիտանական The Guardian պարբերականն այս օրերին ակտիվ կերպով անդրադառնում է Հայոց ցեղասպանության հարցին, դրա վերաբերյալ պետությունների դիրքորոշումներին: Այս հրապարակումների մեջ առանձնացվում է երեկվա խմբագրականը, որի հիմնական գաղափարը սա է. «Ցեղասպանություն» բառի շուրջ պայքարը հաղթանակած է, թեև պաշտոնական Թուրքիան շարունակում է հավատարիմ մնալ մերժողականությանը»:
Պարբերականը գրում է. «Դժվար է ընդունել այն, որ պետությունը, որին դու պատկանում ես, հանցագործության վրա հիմնվել, և որ պատմությունը, որ քեզ սովորեցրել են դպրոցում, լի է ստերով: Եվ դեռ չկա փրկություն՝ առանց ապաշխարության. հայերի դեմ ցեղասպանության արշավի 100-ամյա տարելիցին տխուր է գրանցել այն, որ Թուրքիան դեռևս չի ընդունել փաստը, թե ինչ է տեղի ունեցել 1915 թվականին:
Առաջին հայացքից պատասխանը պարզ է, սակայն համալիր ուսումնասիրելու դեպքում խնդիրը բարդ դետալներ ունի: Հայերն, ովքեր Անատոլիայում են ապրել Կենտրոնական Ասիայից թուրքերի գալուց դեռ երկար ժամանակ առաջ, սպանվել են, տեղահանվել և բռնի մուսուլմանացվել»:
«Երկար ժամանակ աշխարհը ամոթալի կերպով հանցակից է եղել Թուրքիայի պնդումներին, թե հայերի և քրիստոնյա ասորիների տառապանքները չպետք է տարբերկավեն մյուս ժողովուրդների, այդ թվում նաև էթնիկ թուրքերի առաջին աշխարհամարտի ժամանակ կրած տառապանքներից և 1915-ի դեպքերը ճիշտ չէ «ցեղասպանություն» որակելը:
Բայց ուսումնասիրությունները, այդ թվում՝ նաև առանձին մի քանի թուրքական հետազոտություններ, հերքել են թեզը, թե պատահածը «պատերազմի ժամանակ տեղի ունեցած վատ բաներ» են, և հայկական սփյուռքի հսկայական ջանքերի շնորհիվ Եվրոպային և Ամերիկայում փոխվել է հասարակության կարծիքը այս հարցի շուրջ, թեև Միացյալ Նահագներն ու Բրիտանիան դեռևս խուսափում են «ցեղասպանություն» բառից»:
Պարբերականը գրում է, որ ժամանակի ընթացքում տարածվում է «ցեղասպանություն» բառի օգտագործումը, օրինակ բերելով Գերմանիային, ավստրիային, և ի վերջո, հիշում Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինի հայտնի ելույթը: