Ինչպես քաղաքացին վերաքննիչ դատարանում վերացրեց ՃՈ-ի որոշումը և ազատվեց 50 հազար դրամի տուգանքից

Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունը հայցադիմում էր ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ Վարդան Հովհաննիսյանի Վարդան Հովհաննիսյանից 50.000 ՀՀ դրամ բռնագանձելու համար վճարման կարգադրություն արձակելու պահանջի մասին։

ՃՈ-ն հայտնել է, որ պատասխանողը ՀՀ ՎԻՎ օրենսգրքի 124-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության ճանապարհային ոստիկանության որոշմամբ ենթարկվել է վարչական տույժի՝ տուգանք 10.000 դրամի չափով, որը համաձայն ՀՀ ՎԻՎ օրենսգրքի 305 հոդվածի 4-րդ մասի պահանջների՝ կազմում է 50.000 դրամ։
Ելնելով վերը նշվածից՝ խնդրել է արձակել վճարման կարգադրություն Վարդան Հովհաննիսյանից 50.000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին։

Պատասխանող Վարդան Հովհաննիսյանը հակընդդեմ հայց է ներկայացրել Դատարան, որով հայտնել է, որ իր կողմից վճարվել է 10.000 ՀՀ դրամ գումար, սակայն ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության կողմից վճարման կարգադրության հայցադիմումով ներկայացվել է 50.000 ՀՀ դրամ գումարի պահանջ՝ հիմք ընդունելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 305 հոդվածը՝ հաշվի չառնելով իր կողմից 12.01.2012 թվականին կատարված վճարումը։

Ուստի ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության կողմից տուգանք գանձելուն ուղղված գործողություններն անհիմն են։

Դատարանը վճռել է ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ընդդեմ Վարդան Հովհաննիսյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, բավարարել մասնակի։

1. Վարդան Հովհաննիսյանից հօգուտ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության բռնագանձել 40.000 ՀՀ դրամ։

2. ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ընդդեմ Վարդան Հովհաննիսյանի՝ 10.000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին, մերժել։

3. Վարդան Հովհաննիսյանի հակընդդեմ հայցն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության՝ տուգանք գանձելուն ուղղված գործողությունները անօրինական ճանաչելու պահանջի մասին, մերժել։

Վարդան Հովհաննիսյանը վճիռը բողոքարկել է: Նա դատարան է ներկայացրել «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից տրված տեղեկանքը, ինչով ապացուցում է, որ իր կողմից համապատասխան տուգանքի տակ նախատեսված վճարումը կատարվել է օրենքով սահմանված ժամկետում։

Վերաքննիչ դատարան ներկայացրած ապացույցով հաստատվում է, որ Վարդան Հովհաննիսյանի կողմից տուգանքի գումարը վճարվել է օրենքով սահմանված ժամկետում։

Ուստի դատարանը որոշել է Վերաքննիչ բողոքը բավարարել` բեկանելով և փոփոխելով Վարչական դատարանի վճիռը:
ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության հայցն ընդդեմ Վարդան Հովհաննիսյանի` 50.000 ՀՀ դրամ գումարի բռնագանձման պահանջի մասին, մերժել։

Վարդան Հովհաննիսյանի հակընդդեմ հայցը բավարարել` ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության` տուգանք գանձելուն ուղղված գործողությունները ճանաչել ոչ իրավաչափ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել