«Ստեղծվել է լավ փաստաթուղթ, շատ դրույթներ պետք են, սակայն մեջը կան ռումբեր, ես կարծում եմ, որ պետաիրավական հանձնաժողովը հենց այդ ռումբերին նույնպես ուշադրություն է դարձրել, որոնք կարող են ի չիք դարձնել ողջ նախագիծը»,- խոսելով Քրեական դատավարության նոր նախագծից՝ ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը:
Այդուհանդերձ նա հետևյալ հարցը բարձրացրեց. «Իսկ ներկայիս օրենսգիրքը գործել է, եթե չի գործել, ապա թեկուզ հինգ անգամ օրենսգիրք փոխիր, իմաստ չկա: Իրավակիրառող պրակտիկան լիարժեք չի կիրառում այս օրենքը»,- ասաց նա:
Փաստաբանի հետ խոսեցինք նաև Քրեական օրենսգրքի փոփոխություններից, մասնավորապես պատիժների քաղաքականությունից:
«Եթե պետության տեսանկյունից նայենք, ապա հստակ է, որ պատժի խստությունը երբեք որևէ արդյունքի չի հասցրել: Բոլորը հասկանում են, որ պատասխանատվության խուսափելիությունն է ինչ-որ բան փոխում այս կամ այն պետության մեջ: Որքան էլ խստացվի, ոչնչի չենք հասնի»,- կարծիք հայտնեց փաստաբանը:
Ըստ նրա՝ գործող քրեական օրենսգրքում առկա են երկակի մոտեցումներ. «Այսինքն՝ կան հանցագործության տեսակներ, որտեղ իրոք կարելի է խստացման հարցը քննարկել, իսկ կան տնտեսական, գույքային հանցագործություններ, որտեղ հարկավոր է պատժի ընդհանուր սկզբունքը փոխել, օրինակ՝ ազատության սահմանափակումից դեպի գույքային պարտականությունների գնալ: Եթե մարդը տնտեսական հանցագործություն է արել, կարող ենք հարվածել նրա գրպանին: Սա ավելի շոշափելի կլինի նրա համար, ինչպես նաև պետությունը դրանից կշահի»,- եզրահանգեց պարոն Վարոսյանը: