Պարսկահպատակ ադրբեջանցու սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված և արդեն 20 տարի ազատազրկման մեջ գտնվող Սողոմոն Քոչարյանի գործի վերաբացման հարցը ներկայումս վճռաբեկ դատարանից է կախված: Իրավաբան.net-ի հետ զրույցում նրա շահերը դատարանում ներկայացնող փաստաբան Ռոբերտ Ռևազյանը հայտնեց, որ նոր երևան եկած հանգամանքի հիմքով դեռևս նախորդ տարի դատախազությանը դիմել էին` գործը վերաբացելու վարույթ հարուցել:
Սակայն գլխավոր դատախազությունից մերժում էր ստացվել և մերժման որոշումը բողոքարկվել էր դատարանում, առաջին ատյանի դատարանը մերժել էր բողոքը, վերաքննիչ ատյանը ուժի մեջ էր թողել առաջին ատյանի դատարանի որոշումը: Ներկայումս բողոք է ուղարկվել վճռաբեկ դատարան:
Նշենք, որ «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն, Սողոմոն Քոչարյանի գործը լուսաբանելու ընթացքում հայտանաբերել էր տեղեկություններ այն մասին, որ պարսկահպատակ ադրբեջանցու սպանության գործով դատավարության ժամանակ մեղադրանքը պաշտպանող դատախազ Ժիրայր Խառատյանը խոստովանել է, որ համաձայն չի եղել մեղադրանքի հետ, նաև չի ցանկացել որպես պատիժ միջնորդել մահապատժի ենթարկել Սողոմոն Քոչարյանին, սակայն քաղաքական ճնշումներ են եղել: 1995 թվականի դեկտեմբերի 1-ին Սողոմոն Քոչարյանը դատապարտվել է մահապատժի: Սակայն 2003 թվականի օգոստոսի 1-ի ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանի հրամանագրով նրան ներում է շնորհվել` մահապատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ:
Ռոբերտ Ռևազյանը նաև հաղորդում է ներկայացրել Հատուկ քննչական ծառայություն` դատախազի գործունեությանը միջամտելու հիմքով քրեական գործ հարուցելու համար, սակայն այս դեպքում ևս մերժել են քրեական գործ հարուցել: Եվ մերժման որոշումը բողոքարկվել է դատարանում: Դատարանը մերժել է բողոքը և այս որոշումը ներկայումս բողոքարկվել է վերաքննիչ դատարանում և գործով նիստ է նշանակված ապրիլի 28-ին:
Լուսանկարը` «Հետք»-ի