Ինչպես արդեն տեղեկացրել ենք` այսօր Քննչական կոմիտե տեղափոխվեցին Հանրային խորհրդի ձերբակալված անդամները` «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը, Հիմնադիր խորհրդարան նախաձեռնության նախագահ Գարեգին Չուգասզյանը, նույն նախաձեռնության նախագահի տեղակալ Վարուժան Ավետիսյանը, ՀԽ պատգամավորներ Պավել Մանուկյանը և Արամ Հակոբյանը, ինչպես նաև շարժման անդամ Գևորգ Սաֆարյանը։
Այսօր բողոքի ակցիա էր սկսվել Քննչական կոմիտեի դիմաց, այդ ակցիան շարունակվում էր մինչև երեկոյան 21:00-ն: Ցուցարարները վանկարկում էին ՀԽ անդամների անունները: Բողոքի ակցիան շարունակելու նպատակով նրանք երթով գնացին Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի դիմաց, որտեղ պետք է որոշվի ՀԽ անդամների նկատմամբ խափանման միջոց ընտրելու հարցը:
ՀԽ-ից Իրավաբան.net-ին հաղորդում են, որ Ժիրայր Սէֆիլյանի մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 225 հոդվածի 1-ին մասի հատկանիշով՝ այն է՝ զանգվածային անկարգություններ նախապատրաստելու հատկանիշով։ Ժիրայր Սէֆիլյանին տեղափոխել են դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց 2 ամսով կիրառելու հարցը քննելու համար։