Այսօր ԱԱԾ աշխատակիցների կողմից ՀՀ քննչական կոմիտե բերվեցին «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանին, Հիմնադիր խորհրդարան նախաձեռնության նախագահ Գարեգին Չուգասզյանին, նույն նախաձեռնության նախագահի տեղակալ Վարուժան Ավետիսյանին, ՀԽ պատգամավորներ Պավել Մանուկյանին և Արամ Հակոբյանին, ինչպես նաև շարժման անդամ Գևորգ Սաֆարյանին։
ՀՀ Քննչական կոմիտեի շենքի մոտ մեկ ժամից ավելի նրանց էին սպասում շարժման աջակիցները և ձերբակալվածների հարազատները, այդ թվում՝ նրանցից մի քանիսի որդիները, սակայն ձերբակալվածներին չհաջողվեց մոտենալ իրենց երեխաներին: Պաշտպանների խումբը նրանց միացավ Քննչական կոմիտեում:
ՀԽ անդամներից Վարդան Ավետիսյանը կատարվածը որակեց անօրինական և ծիծաղելի. «ԱԱԾ-ի աշխատակիցները այնպիսի վայրագությամբ բերեցին տղաներին՝ կարծես Ուսամա բեն Լադենի հանցախումբն էին բռնել, մինչդեռ ամենաանօրինականներն ու հանցավորները օրենք պահողներն են, իսկ տղաներից ամեն մեկը օրինական և բարոյական անձնավորություն է»,- նշեց նա:
Հերմինե Վիրաբյան
Իրավաբան.net