Քաղաքացիները կարող են դատարանում իրենց գործերը վարել անձամբ կամ իրենց ներկայացուցիչների միջոցով: Քաղաքացու մասնակցությունը գործին չի զրկում նրան` գործով ներկայացուցիչ ունենալու իրավունքից:
Դատարանում ներկայացուցիչ կարող է լինել դատարանում գործը վարելու պատշաճ ձևակերպված լիազորություն ունեցող ցանկացած գործունակ քաղաքացի, բացառությամբ մի քանի դեպքերի:
Քաղաքացու տված լիազորագիրը վավերացնում է նոտարը կամ օրենքով նման իրավասություն ունեցող պաշտոնատար անձը։ Դատական նիստին ներկայացուցչի հետ մասնակցող կողմն իրավունք ունի իր ներկայացուցչի լիազորությունները հաստատելու դատարանի առջև՝ գրավոր սահմանելով վերջինիս լիազորությունների ծավալը:
Օրինական ներկայացուցիչները
Անչափահասների, անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված քաղաքացիների իրավունքները և օրինական շահերը դատարանում պաշտպանում են նրանց ծնողները (որդեգրողները), խնամակալները կամ հոգաբարձուները, որոնք դատարան են ներկայացնում իրենց կարգավիճակը հավաստող փաստաթղթեր:
Օրինական ներկայացուցիչները և ի պաշտոնե ներկայացուցչություն իրականացնող անձինք կարող են դատարանում գործը վարելը հանձնարարել իրենց կողմից որպես ներկայացուցիչ ընտրված մեկ այլ անձի: