Իրավական վիճակագրության համաձայն մեծանում է անհրաժեշտ պաշտպանության խնդրի արդիականությունը` կապված բռնությամբ կատարվող հանցագործությունների աճի, ինչպես նաեւ հակաիրավական ոտնձգություններից մարդկանց կյանքի եւ առողջության պաշտպանության անհրաժեշտության հետ։ Օրենքը յուրաքանչյուր անձի տրամադրում է անհրաժեշտ պաշտպանությունից օգտվելու իրավունք, սակայն այդ իրավունքի իրացումը սահմանափակում է որոշակի կանոններով, այն է պաշտպանությունը պետք համապատասխանի ոտնձգության բնույթին եւ վտանգավորության աստիճանին։
Ըստ ՀՀ Սահմանադրության 15–րդ հոդվածը սահմանում է. «Յուրաքանչյուր ոք ունի կյանքի իրավունք։ Ոչ ոք չի կարող ենթարկվել կամ դատապարտվել մահապատժի»։ Այսինքն, կյանքի իրավունը կրում է բացարձակ բնույթ եւ օրենքը պետք է պաշտպանի ինչպես պաշտպանվողի, այնպես էլ ոտնձգողի կյանքի իրավունքը։
Անհրաժեշտ պաշտպանության դեպքում կատարվում է մի արարք, որը իր մեջ պարունակում է հանցակազմի տարրեր եւ հետեւաբար հանդիսանում է հանցագործություն, բայց չի հանդիսանում քրեորեն պատժելի արարք, քանի որ կատարվում է անհրաժեշտ պաշտպանության վիճակում։ ՀՀ քրեական օրենսգրքի 42–րդ հոդվածի 1–ին մասը սահմանում է անհրաժեշտ պաշտպանության բովանդակությունը հետեւյալ կերպ. «Հանցագործություն չի համարվում այն գործողությունը, որը կատարվել է անհրաժեշտ պաշտպանության վիճակում, այսինքն` պաշտպանվողի կամ մեկ այլ անձի կյանքը, առողջությունը եւ իրավունքները, հասարակության կամ պետության շահերը հանրության համար վտանգավոր ոտնձգությունից կամ դրա իրական սպառնալիքից` ոտնձգություն կատարողին վնաս պատճառելու միջոցով պաշտպանելիս, եթե թույլ չի տրվել անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցում»։ Նույն հոդվածի 2–րդ մասը սահմանում է. «Անձի կյանքի համար վտանգավոր բռնության իրական սպառնալիքի հետ զուգորդված ոտնձգությունից պաշտպանվելիս կարող է պատճառվել ցանկացած վնաս, այդ թվում մահ»։ Նույն հոդվածի 3–րդ մասը սահմանում է, որ անհրաժեշտ պաշտպանության իրավունքն անձին է պատկանում` անկախ ոտնձգությունից խուսափելու կամ այլ անձանց կամ պետական մարմինների օգնությանը դիմելու հնարավորությունից, ինչպես նաեւ անկախ անձի մասնագիտական կամ այլ հատուկ պատրաստվածությունից եւ պաշտոնեական դիրքից։
ՀԵԻԱ իրավաբան ուսանողների բաժանմունքի անդամ Առնոլդ Վարդանյան