Արման Մկրտումյանի գլխավորած պատվիրակությունը եղել է Խորվաթիայում

«Հայաստանի արդարադատության համակարգի անկախության, պրոֆեսիոնալիզմի և հաշվետվողականության ամրապնդումը» Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի համատեղ ծրագրի շրջանակներում` ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 24-26-ը պաշտոնական այցով մեկնել է Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբ: Այս մասին տեղեկանում ենք Դատական դեպարտամենտից:

Աղբյուրի փոխանցմամբ՝ պատվիրակության կազմում էին ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Երվանդ Խունդկարյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Մամիկոն Դրմեյանը, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը, Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սամվել Թադևոսյանը, ՀՀ արդարադատության խորհրդի աշխատակազմի ղեկավար Շողեր Վարդանյանը և ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ Աննա Վարդապետյանը:

Այցի շրջանակներում ՀՀ պատվիրակությունը հանդիպում է ունեցել Խորվաթիայի Գերագույն դատարանի նախագահ Բրանկո Հրվաթինի հետ, որի ընթացքում քննարկվել են երկու երկրների դատական համակարգերի արդի հիմնախնդիրները: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել դատարանների ծանրաբեռնվածության, ինչպես նաև բարձրագույն դատական ատյանների լիազորությունների հետ կապված մի շարք խնդիրներին:

Խորվաթիայի Գերագույն դատարանի նախագահը նշել է, որ ավելի քան 4 մլն. բնակչություն ունեցող Խորվաթիայում գործերը քննվում են եռաստիճան դատական համակարգում գործող 1800 դատավորի կողմից: Խորվաթիայի դատական համակարգը կազմված է ընդհանուր իրավասության և մասնագիտացված առաջին ատյանի դատարաններից, վերաքննիչ դատարաններից և Գերագույն դատարանից: Խոսելով Խորվաթիայի բարձրագույն դատական ատյանի մասին՝ Խորվաթիայի Գերագույն դատարանի նախագահը նշեց, որ այն կազմված է նախագահից և 43 դատավորից, որոնցից 15-ը քրեական, իսկ 29-ը քաղաքացիական գործեր քննող դատավորներ են:

ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը Խորվաթիայի իր գործընկերոջը ներկայացրել է ՀՀ դատական համակարգի կառուցվածքը, խոսել Հայաստանում վճռաբեկության ինստիտուտի և դատական նախադեպի առանձնահատկությունների մասին՝ շեշտադրելով ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից իրականացվող օրենքի միատեսակ կիրառության ապահովման սահմանադրական գործառույթը:

Այցի շրջանակներում ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Խորվաթիայի Արդարադատության ազգային խորհրդի նախագահի և անդամների, Գերագույն դատարանի և Գերագույն տնտեսական դատարանի Դատական խորհուրդների նախագահների, Խորվաթիայի արդարադատության նախարարության ներկայացուցիչների հետ, ինչպես նաև մասնակցել է Հայաստանի Հանրապետության դատավորի վարքագծի կանոնների, Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի, ինչպես նաև Դատավորների գնահատման հանձնաժողովի կանոնակարգերի վերաբերյալ Եվրոպայի խորհրդի փորձագետներ Դուրո Սեսսայի և Գերհարդ Ռայզների կողմից ներկայացված կարծիքների քննարկմանը:

Փորձագիտական կարծիքին կարող եք ծանոթանալ՝ այստեղ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել