Երևանի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ մահակներով և կռփազենքերով երեք անձի մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ։
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ապրիլի 1-ին ստացվել են քաղաքացիներ Ն. և Հ. Սամսոնյանների, Տ.Սարգսյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերը՝ որոնց համաձայն առերևույթ հանցագործություն կատարած անձը (անձինք) 2015 թվականի մարտի 23-ին՝ ժամը 02-ի սահմաններում, Ավան վարչական շրջանում մահակներով և կռփազենքերով հարվածներ է հասցրել Ն. և Հ. Սամսոնյանների, Տ.Սարգսյանի գլխի և մարմնի տարբեր մասերին։ Հարվածների հետևանքով վերջիններիս պատճառվել են մարմնական վնասվածքներ։
Նկատի ունենալով, որ նյութերում առկա են հանցագործության հատկանիշներ՝ քննչական բաժնում 02.04.15թ. հարուցվել է քրեական գործ՝ երեք անձի դիտավորությամբ մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքի առթիվ։
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ՝ պարզելու մարմնական վնասվածքների բնույթը և ծանրության աստիճանը, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի հետազոտումն ապահովելու, առերևույթ հանցագործություն կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու ուղղությամբ։