Կարգավորիչ գիլյոտինը արդյունավետ է աշխատել. մի շարք բյուրոկրատական խոչընդոտներ հանվել են իրավական փաստաթղթերից

Պետք է այնպիսի օրենսդրական կարգավորումներ լինեն, որպեսզի քաղաքացին վստահի պետությանը: Իսկ այդ վստահությունը կարող է ստեծվել միայն ավելորդ պայմաններ, տուրքեր չվճարելու պահանջները հանելու դեպքում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց  Կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ԾԻԳ տնօրեն Արմեն Եղիազարյանը:

Նշենք, որ ԾԻԳ-ը ստեղծվել է  2011 թվականին` կառավարության 1462-Ն որոշմամբ, և հիմնական նպատակը իրավական ակտերում քաղաքացիների համար բարդ և բյուրոկատական կարգավորումների կրճատումն ու պարզեցումն է:

Այսօր ավելի քան 80 քաղծառայողների համար կենտրոնը «Ալֆափլաս քոնսալթինգ» ընկերության հետ համատեղ  սկսեց «Օրենսդրական կարգավորման ազդեցության գնահատում. միջազգային փորձ» վերապատրաստման ծրագիրը:

«Նախնական հաշվարկները ցույց են տալիս, որ ծրագրի առաջին փուլը տնտեսապես արդյունավետ է եղել: Երկրորդ փուլի շարունակությունը կհանգեցնի առավել շոշափելի տնտեսական արդյունքների և կապահովվի գործարար միջավայրի եւ քաղաքացիների համար օրենսդրական կարգավորումների ծախսերի ցածր մակարդակը»,- ասաց ՀՀ նախագահի գլխավոր խորհրդական Արամ Ղարիբյանը՝ ներկայացնելով Հայաստանում օրենսդրական կարգավորման օրակարգը:

Արմեն Եղիազարյանը խոսելով կենտրոնի աշխատանքների մասին, հայտնեց, որ  այս տարվա հուլիսին կավարտի ծրագրի առաջին փուլը` գործող իրավական ակտերի վերանայումը, որը հայտնի է Կարգավորիչ գիլյոտինի փուլ անունով: Այնուհետև կսկսվի նոր փուլ՝ գնահատելու օրենսդրական կարգավորման ազդեցությունը մինչ օրենսդրական նոր նախաձեռնությամբ հանդես գալը, որպեսզի կարճ ժամանակ անց օրենսդրական դաշտը կրկին չծանրաբեռնվի բարդ իրավական ակտերով եւ բյուրոկրատական խոչընդոտներով, ինչպես տեղի է ունեցել մի քանի երկրներում:

Կարգավորիչ գիլյոտին ծրագրի մոնիտորինգի և ազդեցության գանահատում իրականացնող «Ալֆափլաս քոնսալթինգ» ընկերության տնօրեն Ալեքսանդր Պողոսյանը կարեւորեց միջոցառմանը քաղծառայողների  մասնակցությունը, նշելով. «Միջազգային փորձառու խորհրդատուների ներգրավումը, միջազգային փորձի կիրառումը, ազգային կենտրոնի աշխատակիցների հմտությունների ամրապնդումն, իհարկե, խիստ կարեւոր են, սակայն պակաս կարեւոր չէ այդ գիտելիքներն ու հմտությունները արդյունավետորեն փոխանցելը նախարարությունների, գերատեսչությունների համապատասխան անձնակազմին: Չէ՞ որ իրենք են այդ բարեփոխումների բուն կիրարկման պատասխանատու մարմինները:

Այնուհետև վերապատրաստման ծրագրի հիմնական բանախոս իռլանդացի փորձագետ Էդուարդ Դոնելանը ներկայացրեց կարգավորման կառավարման միջազգային ուսումնասիրությունը՝ անդրադառնալով քաղաքականության մշակմանը, օրենքների նախագծմանն ու օրենսդրական նախագծերի բարելավմանը, ինչպես նաեւ պետական կառավարմանն ու դրա բարեփոխումներին: Նա նշեց, որ Հայաստանն առաջատարն է այն երկրների շարքում, որտեղ Կարգավորիչ գիլյոտին է իրականացվել: Այս կարգի բարեփոխումները սովորաբար հեշտ չեն ընթանում եւ բախվում են իներցիայի, նույնիսկ բացահայտ դիմադրության:

Քաղծառայողների համար կազմակերպված ծրագրից հետո վերապատրաստումները եւս երկու օր կշարունակվեն Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնում՝ կենտրոնի փորձագետների համար: Այս օրերին Է. Դոնելանը մասնակիցներին կծանոթացնի գոյություն ունեցող օրենսդրությունը բարելավելու եւ իրավական նոր ակտեր ստեղծելու միջազգային լավագույն փորձին, կարգավորիչ ազդեցության գնահատմանը, վարչարարության նվազեցման օրինակներին, ինչպես նաեւ ծախսերի կրճատման եւ դրանք չափելու մոդելներին:

Եռօրյա խորհրդակցությանը կհետեւի քաղծառայողների համար պատրաստված մեկ այլ դասընթաց՝ ապրիլի 16-23-ը, որը կվարեն Կարգավորիչ գիլյոտինի վերապատրաստված փորձագետները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել