Տարիներ առաջ երբ ինձ քաղցրավենիք հյուրասիրեցին, տհաճ համի համար որոշեցի ստուգել պիտանելիության ժամկետը: Այն ինչ հայտնաբերեցի ինձ համար շոկային էր, կոնֆետը ադրբեջանական արտադրության էր: Բնականաբար գնացի այն խանութ, որտեղից գնվել էր այդ կոնֆետն ու պարզեցի, որ ուկրաինական արտադրության կոնֆետների մեջ դեռ կան ադրբեջանական կոնֆետներ, որոնք վաճառվում էին հայերին: Պարզվեց, որ «ՀՀ գյուղատնտեսության նախարարի 2009 թվականի սեպտեմբերի 25-ի N 220-Ա հրամանում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» 27 մայիսի, 2011թ. N 87-Ա հրամանով ժամանակավորապես արգելվել է թուրքական եւ ադրբեջանական ծագում ունեցող կենդանական եւ բուսական հումքի ու մթերքի Հայաստանի Հանրապետության տարածք ներկրումը:
Մի քանի օր առաջ տարբեր պատճառներով մտա սննդի, հագուստի և շինանյութի խանութներ ու արձանագրեցի, որ վաճառվում են թուրքական ծագում ունեցող ապրանքներ՝ հագուստ, շինանյութ, սնունդ և այլն: Զրուցելով վաճառողների հետ, արձանագրեցի, որ գնորդներից շատերը նախընտրում են հենց թուրքական ապրանքը՝ որակի համար: Անհասկանալի է՝ ինչո՞ւ ենք մենք զարգացնում Թուրքիայի տնտեսությունը, մի երկրի տնտեսություն, որը հարյուր տարի փորձել է ոչնչացնել մեր ազգը:
Վերոնշյալ հրամանն այսօր չի գործում, սակայն մենք ոչինչ չենք ձեռնարկում թեկուզ հասարակական ճնշման միջոցով ստիպել իրավական կարգավորում տալ այս խնդրին, փոխարենը կարող ենք բողոքել մեր կառավարությունից:
Այսպես՝ մոտենում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, մենք հիշում ենք ու դատապարտում, ձեռք ենք բերում Անմոռուկի տեսքով կրծքանշաններն ու ամրացնում թուրքական արտադրության հագուստին և գնում Ծիծեռնակաբերդ… Թերևս անլուծելի և անընդունելի մի իրավիճակ, որտեղ մեղավոր է ինչպես կառավարությունը, այնպես էլ մեր հասարակությունը:
Տիգրան Մաթևոսյան
Իրավաբան, ՀԵԻԱ-ի անդամ