Դատարանը մերժել է «Սյունյաց երկիր» թերթի գլխավոր խմբագիր Սամվել Ալեքսանյանի հայցն ընդդեմ Սերինե Գաբրիելյանի, Հայկ Միրզոյանի` ներողություն խնդրելու և գումար բռնագանձելու պահանջի մասին։
Թերթի գլխավոր խմբագիրը հայցադիմումում խնդրում է հրապարակայնորեն ներողություն խնդրել իրենից, լրատվության միջոցով լրիվ հրապարակել դատարանի վճիռը, հայցվորին վճարել փոխհատուցում մեկ լումա։
Դատական վեճի առարկան «Henaran.am»-ում 2014-06-05 23։11։49-ին հրապարակված հոդվածն է՝ «Գորիսի մտավորականները մի բուռ չհասած ծիրանի համար, արձագանք» վերտառությամբ։
«Օրեր առաջ Henaran.am-ը՝ անդրադառնալով Գորիսում հունիսի 8-ին կայանալիք քաղաքապետի ընտրությունների քարոզարշավին, նշել էր, որ պայքարը տեղափոխվել է սոցկայքեր։ Մասնավորապես, իրար հետ հեռակա-առցանց բանավիճել էին մարզային «Սյունյաց երկիր» թերթի գլխավոր խմբագիր Սամվել Ալեքսանյանն ու Գորիսի պետական համալսարանի դասախոս Մհեր Քումունցը։
Խմբագրությունը ստացել է նամակ Հայկ Միրզոյանից, ով անդրադառնում է մտավորականների անխոնջ կռվին»։ Նամակը ներկայացվել է ամբողջությամբ և առանց խմբագրման։
«Սարսափում եմ վերադարձող քաղաքակիրթ միջնադարից…
Ցավ և ափսոսանք եմ զգում դիտարկելով մտավորական աշխարհի երկու ներկայացուցիչների անխոնջ բանակռիվը… «մի բուռ չհասած ծիրանի համար»։ Չեմ կարողանում պատկերացնել, որ բանակռվի նյութը նրանց ցանկություններից և հնարավորություններից դուրս ընտրապայքարն է»,- մասնավորապես նշվում էր նամակում։
Հայցվորը գտել է, որ նամակում տեղ գտած երկու արտահայտություններ իրենցից վիրավորանք են ներկայացնում, քանի որ դրանք վերաբերում են հայցվորին և գրավոր խոսքի միջոցով հայցվորի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավն արատավորելու նպատակով արված հրապարակային արտահայտություններ են։
Պատասխանողը տեղյակ է, որ հայցվորը լրագրող է, «Սյունյաց երկիր» տասնօրյա թերթի գլխավոր խմբագիր, և նման վիրավորող արտահայտություններով հոդված հրապարակելով, նպատակ ուներ արատավորել հայցվորի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը։ Պատասխանողն, ըստ հայցվորի գործել է անբարեխիղճ, անպատասխանատու կերպով՝ խախտելով լրագրողական էթիկան։
Ըստ հայցադիմումի, հայցվորին վիրավորող արտահայտությունները պատասխանողը ներկայացրել է գրավոր տեսքով և հրապարակայնորեն ԶԼ միջոցով՝ «henaran.am» կայքում, այսինքն՝ «այդ անհիմն վիրավորանքին հաղորդակից է դարձվել և շարունակվում է դարձվել անսահմանափակ քանակությամբ անձինք»։
Քանի որ հայցվորն իր դիրքորոշմամբ պատասխանողի կողմից դիմում-բողոքում տեղեկատվությունը համարում է զրպարտություն, ուստի դատարանը հրապարակված տեղեկատվության վերաբերյալ իր դիրքորոշումը արտահայտել է կոնկրետ «զրպարտության» տիրույթում։
Դատարանը հարկ է համարել նշել, որ Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումներով պաշտպանվում է բացասական կարծիքի կամ գնահատող դատողության արտահայտումը այնքանով, որքանով այն հիմնված է հաստատված կամ ընդունված փաստերի վրա։ Ի տարբերություն փաստերի, որոնք կարող են ներկայացվել և հիմնավորվել, գնահատող դատողությունները չեն կարող ապացուցվել։
Գնահատող դատողության ապացուցման պարտականությունն անհնար է իրականացնել և ինքնին խախտում է կարծիքն ազատ արտահայտելու իրավունքը, որը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածում (արտահայտվելու ազատություն) ամրագրված իրավունքի հիմնարար մասն է կազմում։ Այնուամենայնիվ, երբ հայտարարությունը որակվում է որպես գնահատող դատողություն, անհրաժեշտ է, որ վերջինս հիմնվի բավարար փաստական կազմի վրա: Գնահատողական դատողությունը կարող է անընդունելի համարվել, քանի որ այն առանց փաստական հիմքի կարող է չափազանցված համարվել։
Ըստ դատարանի իրավական վերլուծության՝ հարկ է նկատի ունենալ այն հանգամանքը, որ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի միանշանակ պահանջն է, որպեսզի վիրավորանքի և զրպարտության գործերով հստակ տարանջատում կատարվի գնահատողական դատողության և փաստերի միջև` Կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտումներ թույլ տալը բացառելու նպատակով։
Դատարանը հարկ է համարել հիշատակել, որ կարծիք արտահայտելը մեծ պաշտպանություն ունի` Կոնվենցիայի 10-րդ հոդվածի համաձայն։ Կարծիք արտահայտելու (կամ «գնահատող դատողություն») դեմ ներպետական դատարանի կայացրած վճիռը կարող է որակվել 10-րդ հոդվածի խախտում, եթե միայն առկա է կարծիքն արտահայտելու որոշակի փաստական հանգամանք և բարի կամքի դրսևորում։
Երբ քննության են առնվում զրպարտիչ արտահայտություններ, անհրաժեշտ է ճիշտ տարբերակում կատարել փաստական տվյալների և արտահայտված կարծիքի (կամ «գնահատող դատողություն») միջև։ Պատճառն այն է, որ «փաստերի գոյությունը կարելի է ցույց տալ, մինչդեռ գնահատողական դատողությունների ճշմարտացիությունն ապացուցման ենթակա չէ»։ Ըստ ՄԻԵԴ դիրքորոշման, «սա անհնարին է դարձնում կարծիքի արտահայտման պաշտպանությունը, եթե պաշտպանության միակ միջոցը ճշմարտությունն է», և «ազնիվ «գնահատողական դատողություն» արտահայտելու պարագայում շատ մեծ է հավանականությունը, որ դատարանի ոչ բարենպաստ վճիռը կհանգեցնի 10-րդ հոդվածի խախտմանը»։
Միաժամանակ դատարանը գտել է, որ սա չի նշանակում, որ Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ մասը չի կարող կիրառվել մի գործում, որը վերաբերում է կարծիքի, այլ ոչ` փաստական տվյալի։ Նույնիսկ կարծիքի պարագայում պետք է գոյություն ունենա որևէ հաստատված կամ ընդունված փաստական հիմք այդ կարծիքն արտահայտելու համար, որը պետք է արտահայտված լինի բարեխղճորեն։
Վճռում նշվում է, որ դատարան չի ներկայացվել, թե որ դրվագով է վիրավորվել պատիվը, որ դրվագով` արժանապատվությունը։
Հայցվորի կողմից դատարանին չի ներկայացվել որևէ վերաբերելի և թույլատրելի ապացույց այն մասին, որ պատասխանողն իրեն զրպարտել է հասարակության լայն շրջանակների առջև, մասնավորապես` տպագրության միջոցով, ռադիոյի կամ հեռուստատեսության միջոցով հեռարձակմամբ, զանգվածային լրատվության միջոցներով տարածմամբ, համացանցի միջոցով տարածմամբ, ինչպես նաև հեռահաղորդակցության այլ միջոցների օգտագործմամբ, հրապարակային ելույթներով, կամ որևէ այլ կերպ, անձանց դրանց հաղորդակից դարձնելով։
Հետևաբար, հայցային պահանջի ապացուցման առարկան կազմող իրավաբանական նշանակություն ունեցող փաստերից` «հրապարակայնության» բացակայության պայմաններում հայցվորի պահանջը չի կարող հիմնավոր համարվել: