Երկաստիճան դատական համակարգը շահեկան կլինի քաղաքացիների համար

Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում նախատեսվում է դատական եռաստիճան համակարգից   անցում երկաստիճան դատական համակարգի: Ծախսատարության առումով փաստաբան Աննա Մեժլումյանը կողմնակից է երկաստիճան դատական համակարգին:

«Թե’ եռաստիճան դատական համակարգը, թե’ երկաստիճանը ունեն առավելություններ և թերություններ: Բոլորը հաշվի առնելով  ավելի շատ հակված եմ երկաստիճան համակարգին, ինչպես պրակտիկ փաստաբաններից շատերը: Պատճառը մեր հաճախորդների շահերն են, որովհետև այս դեպքում դատական գործընթացը այդքան էլ ծախսատար չի լինի,  գործի հանգուցալուծմանը հասնելու համար էլ շատ ժամանակ չի անցնի: Այդ պատճառով գտնում եմ, որ ավելի ճիշտ և հարմար կլինի երկաստիճանին անցնելը»,- Իրավաբան.netի հետ զրույցում ասաց Ա. Մեժլումյանը:

Միաժամանակ փաստաբանը նշում է, որ գործող համակարգը արդեն կայացել է: Յուրաքանչյուր ատյան գտել է իր լիազորությունները, և մտավախություն կա, որ եթե վերաքննիչ և վճռաբեկ դատարանները միանան, որոշակի ժամանակահատված կպահանջվի մինչ նոր համակարգի կայացումը, և այդ ընթացքում հաստատ որևէ բան, կամ որևէ մեկը կտուժի:

Նա ասաց, որ վճռաբեկ դատարանում դիմումները ընդունելիս կոնկրետ մոտեցում առկա չէ. «Դու չես կարող կանխորոշել քո դիմումը կընդունվի թե ոչ: Երբեք չես կարող վստահ լինել. միատեսակ մոտեցում չկա: Շատ ժամանակ դիմումները առանց քննության են թողնում:  Չկա կոնկրետ մոտեցում, թե ինչ հիմքով է ընդունվում դիմումը և ինչով` մերժվում: Այս բացերը կան եռաստիճան համակարգում: Եռաստիճանի թերություններն են, դրա համար լավ կլինի, որ գործի երկաստիճան համակարգը»,- ասաց փաստաբանը:

Տիկին Մեժլումյանը հույս հայտնեց, որ երկաստիճանի դեպքում կոնկրետություն կմտցվի ատյանների` շահագրգիռ կողմերին վերաբերող ֆունկցիաների մասով: Ֆիզիկական անձանց և փաստաբանների համար էլ պարզ դարձնելով տարբեր ատյաններում  առաջնորդվելու սկզբունքները:

Տիգրանուհի Հարությունյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել