«Ես չեմ իմացել, որ կինս անչափահաս է». ամբաստանյալ

Վարդան Ս.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2014 թ. հունվարի 7-ին ամուսնացել է 16 տարին չլրացած Թերեզա Ա.-ին հետ և որպես ամուսիններ 08.01.14թ-ից պարբերաբար սեռական հարաբերություններ է ունեցել վերջինիս հետ:

Ամուսնության նպատակով Վարդանը Թերեզայի հետ հանդիպել է շուրջ մեկ ամիս, հեռախոսային զրույցներ ունեցել: Նրանց միջև եղած սիրային կապի մասին տեղյակ են եղել նրանց ծնողները: 2013թ. նոյեմբերի 24-ին տեղի է ունեցել նրանց նշանադրությունը, իսկ 2014թ. հունվարի 7-ին` նրանց հարսանյաց հանդեսը և նրանք ամուսնացել են:

2014թ. հունվարի 8-ից, լրացած լինելով Վարդանի 21 տարին, իրենց առանձնատանը, որպես ամուսիններ` նախապես տեղյակ լինելով, որ դեռևս լրացած չի եղել կնոջ 16 տարին, վերջինիս կամքով պարբերաբար սեռական հարաբերություններ է ունեցել նրա հետ:

Ամենը կատարվել է զույգի ծնողների իմացությամբ և համաձայնությամբ: Ըստ Վարդանի ինքն ամուսնության ժամանակ տեղյակ չի եղել, որ կինը անչափահաս է, իմացել է միայն երեխա ունենալուց հետո և տեղյակ չի եղել, որ օրենքով չի թույլատրվում ամուսնանալ անչափահասի հետ:

Թերեզան իր ցուցմունքում նշել է, որ ամուսինը իմացել է, որ իր 16 տարին լրացած չի, սակայն չի իմացել, որ 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու համար օրենքով նախատեսված է պատասխանատվություն:

2014թ. հոկտեմբերի 27-ին Վարդան Ս.-ն ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով:

Առաջին ատյանի դատարանը վճիռ կայացնելիս հաշվի է առել, որ ամբաստանյալն իր խնամքի տակ ունի մինչև 14 (տասնչորս) տարեկան 1 (մեկ) երեխա, անկեղծորեն զղջում է կատարվածի համար, նախկինում դատապարտված չի եղել, ամուսնացել է տուժող Թերեզա Ա.-ի հետ և վերջինիս հետ բնակվում է համատեղ:

Վարդան Ս.-ի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ դատարանը չի արձանագրել:

Դատարանը ամբաստանյալ Վարդան Ս-ին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված արարքում և նշանակել պատիժ` ազատազրկում 4 /չորս/ տարի ժամկետով:
ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ ամբաստանյալ Վարդան Ս.-ի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել` սահմանելով փորձաշրջան 1 /մեկ/ տարի ժամկետով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել