Հարբած կանայք վիճաբանության ժամանակ աստիճաններից գլորել ու ծեծել են 7 ամսական հղի մարմնավաճառին

23-ամյա Ինգան և 28-ամյա Հասմիկը մեղավոր են ճանաչվել առավոտյան ժամին հացատանը վիճաբանություն սկսելու, և հացատան հաճախորդներից Աննային հրմշտելու ու ծեծելու համար: Ինչպես տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից, մեղադրական դատավճիռը հրապարակվել է մարտի 11-ին:

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ, Ինգային դատապարտել է  50 հազար դրամ, իսկ Հասմիկին` 30 հազար դրամ տուգանքի: Մինչ դատավճռի ուժի մեջ մտնելը դատարանն անփոփոխ է թողել նրանց հանդեպ կիրառված խափանման միջոց ստորագրությունը` չհեռանալու մասին: Արգելվել է այս երկուսին հատել ՀՀ սահմանը:

Համաձայն դատավճում ներկայացված փաստերի, նախորդ տարվա մարտի 28-ին, գիշերվա ժամը 4-ից մինչև վաղ առավոտյան ժամը 7-ը Ինգան ու Հասմիկն իրեն երրորդ ընկերուհու հետ  գնացել են Տիգրան Մեծ պողոտայի «Կամուրջ» հացատուն, նստել են երկրորդ հարկի սեղաններից մեկի մոտ, պատվիրել են տաք ուտեստներ և գարեջուր:

Այնուհետև հաշիվը վճարելու ժամանակ հացատան միջանցքում հանդիպել են մեկ Աննային, ով հացատուն է եկած եղել ընկերուհիների հետ: Ինգան վիրավորական ռեպլիկ է արել Աննայի հասցեին, վիճաբանություն է սկսվել: Աստիճանահարթակի մոտ Ինգան գլխով խփել է Աննայի քթին, վերջինս աստիճաններով գլորվելով վայր է ընկել:

Երբ ոտքի է կանգնել, պատիվ է պահանջել, ու որպես պատասխան Ինգան ու Հասմիկը ոտքերով ու ձեռքերով սկսել են խփել նրան` պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող, բայց ցավոտ վնասվածքներ: Ծեծկռտուքը ավարտվել է, երբ երկու ոստիկան հացատան մոտով անցնելիս նկատել են կանանց և միջամտել:

Աննան իր ցուցմունքներում հայտնել է, որ աշխատանք չունի, զբաղվում է մարմնավաճառությամբ և դեպքի ժամանակ 7 ամսական հղի է եղել: Նա չի ցանկացել հաշտվել ամբաստանյալների հետ և պահանջել էքրեական պատասխանտվության ենթարկել նրանց:

Դատարանը, որպես մեղմացուցիչ հանգամանք հաշվի է առել այն, որ Հասմիկն իր խնամքին ունի մանկահասակ երեխա, իսկ որպես ծանրացուցիչ հանգամանք` հանցանքը ալկոհոլի ազդեցության տակ կատարելը:

Դատավճիռը դեռևս ուժի մեջ չի մտել և կարող է մինչև ապրիլի 11-ը բողոքարկվել վերաքննիչ ատյանում:

Հ.Գ. Անունները փոխված են:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել