34-ամյա Գուրգենը դատապարտվել է 1.5 տարվա ազատազրկման` ժամանցային ակումբում ալոկոհոլի ազդեցության տակ հայհոյանքներ տալու, աշխատակիցների հանդեպ բռնություն կատարալու համար: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:
Համաձայն դատավճռի`երեք երեխայի հայր Գուրգենը 2014 թվականի մարտի 9-ին, ժամը 20:30-ի սահմաններում գործով չպարզված անձի հետ գնացել է Գյումրի քաղաքի Տերյան փողոցի 99/5 հասցեում գտնվող ժամանցի վայր, նստել են չորրորդ սեղանի մոտ, պատվիրել գինի և գարեջուր:
Համակարգչի անսարքության պատճառով ակումբում երաժշտություն չի եղել: Ժամը 01:00-ի սահմաններում Գնել Թովմասյանը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու և հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դիտավորությամբ սկսել է սեռական բնույթի հայհոյանքներ տալ: Անպարկեշտ ձևով ձեռքով հպվել է ակումբի պարուհի` ինքնությունը չպարզված Վիկայի մարմնին, հայհոյել է նրան, թքել նրա վրան, իսկ Վիկա էլ մոխրամանը նետել է Գուրգենի ուղղությամբ:
Գուրգենն ու իր հետ եղած անձը սկսել են ձեռքերով ու ոտքերով հարվածել Վիկային, որպես զենք օգտագործվող առարկայով` բարի խմիչքների շշերով հարվածել են նրա մեջքին` կոտրելով շշերը: Դրանից հետո Վիկան և մեկ այլ աշխատակից վախենալով վազել են դեպի խոհանոց, հարբած տղամարդիկ հետևել են նրանց, ճանապարհին բռունցքով խփել են ակումբի հավաքարար կնոջը, այնուհետև խոհանոցում ծեծել են Վիկայի ընկերուհու այնպես, որ քթից սկսել է արյուն գալ:
Այնուհետև Գուրգենն ընկերոջ հետ կոտրել և վնասել են ակումբի գույքը, ապակիները, շշերը` ակումբի տիրոջը պատճառելով 257.425 ՀՀ դրամի գույքային վնաս:
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Մարտին Սարոյանի նախագահությամբ, մեղավոր է ճանչել Գուրգենին` դատապարտելով 1.5 տարվա ազատազրկման: Մեղադրական դատավճիռը հրապարակվել է այս տարվա մարտի 3-ին և մինչև ապրիլի 3-ը կարող է բողոքարկվել վերաքննիչ ատյանում:
Հ.Գ. Անունները փոխված են:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: