Փաստաբան Անահիտ Եսայանը այդքան էլ վստահ չէ, որ երդվյալ ատենակալների ինստիտուտը մեզ մոտ արդյունավետ կգործի: Նրա կարծիքով` մեր հասարակության մտածելակերպը կարող է խանգարել այս ինստիտուտի արդյունավետ ներդրմանը:
«Մեր մտածելակերպում առկա է կարծրատիպ, ըստ որի՝ անձը, ով հայտնվում է մեղադրյալի աթոռին, միշտ չափից շատ է դառնում կարեկցանքի օբյեկտ, ինչը կարող է այս պարագայում խանգարել»,- ասաց մեր զրուցակիցը:
Փաստաբանը նշեց, որ ինքը եղել է ԱՄՆ-ում և տեսել է, որ այնտեղ այս ինստիտուտը բավականին արդյունավետ է գործում: Նա նաև հայտնեց, որ ինստիտուտը կարող է արդյունավետ չգործել նաև մեր ազգաբնակչության նվազ քանակի համար. «Ինչպես պտտվում ես՝ մեկը մյուսի ծանոթն է կամ բարեկամ»,-ասաց փաստաբանը:
Տիկին Եսայանը նաև հայտնեց, որ համաձայն է ինստիտուտի փորձնական ներդրմանը, քանի որ այս պահին կա համոզմունքի խնդիր: Միանշանակ չի կարելի գնահատել այն ինչը դեռ չկա և չի գործում: Տիկին Եսայանի կարծիքով՝ երդվյալների ինստիտուտի ներդրմամբ դրական փոփոխություններ չեն արձանագրվի, բայց նա նաև չբացառեց, որ միգուցե իրենք են թերագնահատում այս ինստիտուտը: «Վերջին ժամանակահատվածում շատ փոփոխություններ տեղի ունեցան, տարբեր փորձարկումներ արվեցին, ընթացքում պրակտիկան է ցույց տալիս, թե կյանքի կոչելիս որն է ավելի արդյունավետ, որը ոչ»,- եզրահանգեց փաստաբանը:
Ելենա Արամայան
Իրավաբան.net