Օմբուսմենը կայացրել է խախտման որոշում

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի լրատվական ծառայությունը հաղորդում է, որ օմբուդսմենին դիմած քաղաքացին նշել է, որ դեռևս 90-ականներից ունեցել է սեփականաշնորհած բնակարան, բայց երբ մի քանի տարի բացակայել է երկրից, վերադառնալուց հետո պարզել է, որ Ոստիկանությունից իրեն հանել են հաշվառումից՝ առանց իր գիտության և համաձայնության:
Քաղաքացուն Կադաստրի պետական կոմիտեից տեղեկացրել են, որ բնակարանը սեփականաշնորհվել է Նոր Նորքի թաղապետարանի կողմից և նվիրատվությամբ օտարվել մեկ ուրիշին՝ զրկելով իրեն տվյալ բնակարանի նկատմամբ ունեցած սեփականության իրավունքից: Ոստիկանությունից էլ կայացվել է որոշում՝ կնոջ հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործ հարուցելը մերժելու մասին: Քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը վերադասության կարգով բողոքարկվել է, որտեղ վերադաս դատախազը ևս բողոքը չի բավարարել:
Ստացվում է՝ հետաքննիչը միջոցներ չի ձեռնարկել պարզելու կնոջը հաշվառումից հանելու իրավաչափության հարցը և չի ուսումնասիրել տվյալ ժամանակահատվածում գործող իրավակարգավորումները, իսկ դատախազն իր հերթին պատշաճ հսկողություն չի իրականացրել տվյալ գործի հետաքննության օրինականության նկատմամբ: Արդյունքում, Դատախազության աշխատակիցների գործողությունների հետևանքով խախտվել է քաղաքացու՝ պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքը:
Օմբուսդսմեն Կարեն Անդրեասյանը կայացրել է մարդու իրավունքների խախտման որոշում: Պաշտպանը առաջարկում է Դատախազությանը ձեռնարկել արդյունավետ և բավարար միջոցներ այսուհետ նմանատիպ դեպքերը բացառելու նպատակով, կարգապահական պատասխանատվության ենթարկել խախտում թույլ տված պաշտոնատար անձին, ինչպես նաև քննարկել քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը վերացնելու հնարավորության հարցը:

Օմբուդսմենի կայացրած որոշումը կարող եք գտնել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական կայքում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել