«Շատ բարդ է այդ սահմանը գտնել». հարցազրույց՝ կրոնի և իրավունքի մասին

Անցած քսան տարիների ընթացքում, ինչպես կյանքի մյուս ոլորտները, զարգացում է ապրել նաև հոգևոր-կրոնական ոլորտը, այս ընթացքում թվաքանակով աճել են կրոնական կազմակերպությունները, ընդլայնել և խորացրել են իրենց գործունեության ոլոտները: Մատուցում են սոցիալական տարբեր ծառայություններ, արմատներ են ձգում կրթական և դաստիարակության ոլորտում:

Իրավաբան.net-ը զրուցել է «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ Ստեփան Դանիելյանի հետ:

– Կան շատ խմբեր, որոնք ձևակերպված և ներկայացված չեն ոչ մի տեղ, սակայն իրականացնում են չվերահսկվող հոգևոր գործունեություն: Խնդիրն ինչպե՞ս լուծել:

– ՀՀ Սահմանադրությունում նման պահանջ գոյություն չունի, որ կրոնական արարողություններով և պահանջմունքները բավարարելով զբաղվելու համար պետք է որևէ տեղ գրանցվեն: Ցանկացած մարդկանց խումբ, առանց գրանցվելու, առանց որևէ մեկին տեղյակ պահելու, իրավունք ունեն հավաքվել և իրականցնել իրենց կրոնական պրակտիկան: Որևէ մեկը իրավունք չունի նրանց ասելու՝ ինչո՞ւ եք դուք զբաղվում ձեր կրոնական պրակտիկայով՝ քարոզում, հավաքվում, արարողություւններ իրականացնում:

– Իսկ ի՞նչ կասեք այն փաստի մասին, որ մարդկանց ստիպում են լսել իրենց քարոզները՝ դռները թակելով կամ պարզապես բակում հավաքված մարդկանց անհանգստացնելով:

– Սա բավականին բարդ խնդիր է իրավական առումով և նույն միջազգային պրակտիկայում այդ խնդիրը կա: Իհարկե, շատ մարկանց դուր չի գալիս, որ իրենց համոզում են, չեն ցանակնում՝ շարունակում են իրենց խոսքը, սակայն դա իրավաբանորեն շատ դժվար լուծվող խնդիր է, որովհետեև եթե ֆիզիկական բռնություն չկա քարոզելու ժամանակ կամ սահմանները չեն անցնում, ապա այստեղ խնդիրը բարդանում է: Եվ հենց խնդիրն այն է, որ շատ բարդ է այդ սահմանը գտնել: Ամբողջ աշխարհում կա այդ խնդիրը՝ գտնել սահմանը որից այն կողմ անցնել չի կարելի:

– Առաքելական եկեղեցին մոնոպոլ կարգավիճակում է: Եթե նայենք միջազգային հարթակում, սա ճի՞շտ է, որ գերակշիռ մաս տալիս են Առաքելական եկեղեցուն:

– Եթե մեծամասնությունը այս կրոնի հետևորդներ են, ապա դա չպետք է լինի խտրական մյուսների նկատմամբ: Սակայն ցանկացած երկրում այդպես է՝ արտոնություն են տալիս մեծամասնության ընտրածին: Հանրակրթական դպրոցներում Հայ եկեղեցու պատմություն են անցնում և այն երեխաները, որոնք այլ կրոնի հետևորդներ են, կարող են դասերին չմասնակցել:

– Բայց մենք նման օրենք ունե՞նք, ըստ որի, երեխաները կարող են չմասնակցել այդ դասին:

– Նման օրենք չկա և խնդիրը հետևյալն է, որ այս դասը ներկայացված է որպես պատմություն և պարտադիր է բոլորի համար: Սակայն դասերի ժամանակ իրականացնում են կրոնական արարողություններ, որը անթույլատրելի է, այսինքն սա արդեն խախտում է: ՄԱԿ-ի երեխաների իրավունքների կոմիտեն հանձնարարական է ուղարկել, որպեսզի այս առարկան լինի ոչ պարտադիր, սակայն Հայաստանի կառավարությունը պաշտոնական պատասխան դեռ չի տվել:

– «Աղանդ» բառն իր մեջ իրավական նորմեր պարունակու՞մ է , որը շատ հաճախ շահարկում են՝ հանրության մեջ վախ և ատելություն սերմանելով մյուս կրոնական կազմակերպությունների հանդեպ:

– Աղանդ բառը կրոնական բառ է, բայց ոչ իրավական: Չի կարող իրավական տերմին լինել պետության մեջ, քանի որ պետությունը աշխարհիկ է և պետությունն ու եկեղեցին բաժանված են իրարից: Եթե դուք պետական պաշտոնյա եք և օգտագործում եք «աղանդ» բառը, ապա դուք մտնում եք այնպիսի դաշտ, որտեղ իրավունք չունեք: Այսինքն մեկին համարում եք ճիշտ մյուսին սխալ, իսկ դա արդեն պետության խնդիրը չէ:

Գայանե Գևորգյան
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել