Մարտի 20-ին Վերաքննիչ քրեական դատարանում տեղի ունեցած դատական նիստի ժամանակ միջնորդությամբ հանդես եկավ Վիգեն Գևորգյանի պաշտպան Հրանտ Անանյանը: Նա դատարանին հայտնեց, որ իրենք ներկայացրել են դիմում, համաձայն որի՝ իր պաշտպանյալը պատրաստ է 4 միլիոն դրամի չափով գումար փոխանցել պետբյուջեի հաշվին և ակնկալում է պատժի մասով բարենպաստ փոփոխություն: Պաշտպանը դատարանից խնդրեց 30 օրով հետաձգել դատական նիստը և ժամանակ տրամադրել գումարը փոխանցելու համար:
Միջնորդությամբ հանդես եկավ նաև Վահագն Խաչատրյանի պաշտպան Անդրանիկ Աբաջյանը: Նա նույնպես դատարանին հայտնեց, որ իր պաշտպանյալը և նրա ընտանիքը պատրաստ են 2.5 միլիոն դրամի չափով գումար փոխանցել պետբյուջեի հաշվին, ուստի խնդրում են գործի հետաքննությունը հետաձգել 10 օրով:
Այս միջնորդություններին առարկեց մեղադրող կողմը՝ նշելով, որ դատարանն արդեն նշանակել է ժամկետներ գումարները փոխանցելու համար, և եթե ցանկություն լիներ, արդեն գումարները փոխանցած կլինեին: Ըստ դատախազի նիստը անհարկի ձգձգելու իմաստ չկա:
Դատարանը որոշեց բավարարել միջնորդությունները և դատական նիստը հետաձգել մեկ շաբաթով: Այս ընթացքում ամբաստանյալները կարող են գումարները փոխանցել և մինչև հաջորդ դատական նիստը անդորրագրեր ներկայացնել դատարանին:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 27-ին:
Ելենա Արամայան