Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արշակ Վարդանյանի նախագահությամբ շարունակվեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի և մյուսների գործով դատական նիստը:
Նախորդ դատարանը նիստին մեղադրող կողմը հայտնեց, որ փոփոխել է ամբաստանյալներ Վազգեն Խաչիկյանին, Աշոտ Աբրահամյանին, Հովհաննես Գրիգորյանին և Սամվել Էլբակյանին առաջադրված մեղադրանքները: Գործի քննությունը հետաձգվել էր, որպեսզի տվյալ ամբաստանյալները հնարավորություն ունենան ծանոթանալու նոր մեղադրանքի հետ:
Հերթական նիստի ընթացքում ամբաստանյալները հայտնեցին, որ ծանոթացել են նոր մեղադրանքին: Վազգեն Խաչիկյանը նշեց, որ իր դիրքորոշումը կհայտնի իր վերջին խոսքի ընթացքում, նույնը նշեց նաև Աշոտ Աբրահամյանը, Հովհաննես Գրիգորյանն իրեն մեղավոր ճանաչեց, Սամվել Էլբակյանը՝ ոչ: Նրանք փոխանցեցին, որ դիրքորոշում կհայտնեն ճառում:
Դատավոր Արշակ Վարդանյանը դատաքննությունը համարեց ավարտված, դատարանը անցավ դատական վիճաբանություններն ունկնդրելու փուլին, որը բաղկացած է մեղադրողի, պաշտպանների, ամբաստանյալների` նշված հաջորդականությամբ արտասանած ճառերից: Այս պահին մեղադրական ճառն է ընթերցում մեղադրող կողմը:
Մեղադրող դատախազները հիշեցրեցին, որ Վազգեն Խաչիկյանը 2005 թվականին ստեղծել ու կազմակերպել է կայուն խումբ, որը վերջինիս ղեկավարմամբ մանրակրկիտ պլանավորել են իրենց անելիքները՝ հափշտակելով առանձնապես խոշոր չափերի՝ 267 մլն 266 հազար ՀՀ դրամի չափով գումար:
Մեղադրողը միջնորդեց 13 տարվա ազատազրկման դատապարտել Վազգեն Խաչիկյանին, մյուս ամբաստանյալներից Աշոտ Աբրահամյանին 6,5 տարի, Վիգեն Գևորգյանին՝ 4,5, Վահագն Խաչատրյանին, Հովհաննես Հովհաննիսյանին ու Հովհաննես Գրիգորյանին՝ 5,5, Սամվել Էլբակյանին՝ 5, Սարգիս Սարգսյանին՝ 4 տարի և 7 ամիս, Արթուր Սուքիասյանին՝ 4 տարի ու 6 ամիս, Բագրատ Մուրադյանին, Արմեն Խաչատրյանին, Համլետ Մարտիրոսյանին և Հրանուշ Դանիելյանին՝ 4 տարի, սակայն վերջինիս նկատմամբ կիրառելով 1 տարի փորձաշրջան: