Փետրվարի 24-ին Վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Գագիկ Ավետիսյանի նախագահությամբ տեղի ունեցավ Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի և մյուսների գոծով հերթական դատական նիստը:
Նիստի ժամանակ Վազգեն Խաչիկյանը դատարանին խնդրեց, որ կայացնի արդար որոշում և հաշվի առնի, որ ինքը ունի 2 երեխա: Ասելով, որ պատրաստ է կրելու իր պատիժը և ապաշխարելու, բայց միայն արդարացի որոշում կայացնելու դեպքում. «Խաչը չպետք է վերածվի խաչքարի, ես պատրաստ եմ կրելու իմ խաչը, այլ ոչ թե խաչքարը: Ազատազրկումը նման է գերեզմանի, որի ընթացքում տեսնում ես, թե ովքեր են վրադ ծաղիկ դնում: Ես շնորհակալություն եմ հայտնում այն մարդկանց, ովքեր այս ընթացքում եղել են իր կողքին»,- նշեց ամբաստանյալը:
Դատավորի հարցին, թե նա ի՞նչ դիրքորոշում ունի վնասի վերականգման և գումարների վերադարձման վերաբերյալ՝ Վազգեն Խաչիկյանը հայտնեց, որ դիրքորոշումը կհայտնեն մինչև մարտի 12–ը՝ տեղեկանքի տեսքով:
Պաշտպանական ճառերով հանդես եկան նաև դատավարության մյուս մասնակիցները: Ամբաստանյալներից Սարգիս Սարգսյանի փաստաբանը՝ Արշակ Թովմասյանը, իր խոսքում նշեց, որ մեղադրանքը եղել է ընդհանրական. «Անձը ենթակա է քրեական պատասխանատվության իր կողմից կատարած հանցանքի համար, իսկ այստեղ ամբողջը ընդհանրացվում է: 2005-2010թթ ընթացքում իմ պաշտպանյալը որևէ օրինազանց քայլ չի կատարել: Գումարներն էլ դուրս են բերվել այլ մարդու կողմից և Սարգսյանի գույքը չեն կազմել»,- ընդգծեց պարոն Թովմասյանը:
Ելենա Արամյան
Տիգրանուհի Հարությունյան