Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

«Այս ամենից հաշվեհարդարի հոտ է գալիս». Վազգեն Խաչիկյան

Վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Գագիկ Ավետիսյանի նախագահությամբ փետրվարի 19-ին շարունակվեց Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի և մյուսների գործով դատական նիստը:

Վազգեն Խաչիկյանը դատարանում նշեց, որ Առաջին ատյանի դատարանը դատավճիռը կայացնելիս բազմաթիվ բացթողումներ է արել և սխալ եզրահանգման եկել. «Դատարանն իմ արաքի հանրային վտանգի մասին խոսելիս նշել է, որ բազում տարեցներ զրկվել են թոշակից, բայց երբ խնդրեցինք նման մի թոշակառուի վկայակոչել` չարեցին: Այն ինչ մեղադրող կողմը փորձում էր անել նման էր Հովհաննես Թումանյանի «Գիքորը» ստեղծագործությանը, այսինքն՝ արցունքներ էր փորձում կորզել, բայց դա չէ դատարանի գործը»,- ասաց ամբաստանյալը:

Խաչիկյանը նշեց, որ դատավճռի ժամանակ հաշվի չեն առնվել մեղմացուցիչ հանգամանքներ, նա մեղադրեց առաջին ատյանի դատարանին՝ իր դեմ շահագրգռված լինելու համար. «Իմ կարծիքով, դատարանի կողմից կար անհարկի, խիստ վերաբերմունք, նույնիսկ հաշվեհադարի հոտ էր գալիս այս ամենից, վկաների խոսքերը փոխել են և իրենց համար դարձրել հիմք, վկան ասում է. «Չգիտեմ, հարսս թոշակ ստացել է, թե՝ ոչ», վերցրել են միայն վերջին «ոչ» -ը» :

Նա նաև հայտարարեց, որ իրեն դատարանում վերաբերվել են որպես հատուկ սուբյեկտի, որին մեղադրող դատախազն ասաց. «Խարդախության հետ կապված մենք առաջադրել ենք մեղադրանք՝ ուղղված Վազգեն Խաչիկյան քաղաքացուն, ոչ թե՝ հատուկ սուբյեկտին»:

Նիստի ընթացքում Խաչիկյանն անընդհատ ֆիլմերից կամ գրքերից մեջբերումներ էր անում, անգամ կատակեց՝ պատմելով ամուսնալուծվող զույգի մասին, որոնց բաժանման պատճառը գումարն էր, այս իրավիճակն ամբաստանյալը համեմատեց դատախազության և իր հետ: Այդուհանդերձ նա ասաց. «Ինչ որոշում էլ ընդունի Վերաքննիչ դատարանը ես պատրաստ եմ այն կրելու, իսկ ինչ վերաբերվում է մեղադրող կողմի պահվածքին պետք է ասեմ, որ շատ «մարդասիրական» վերաբերմունք է ցույց տալիս, որ առանց հաշվի առնելու որևէ մեղմացուցիչ հանգամանք` որ կան հաշմանդամներ, ազատամարտիկներ, նրանց ուղղելու միակ միջոցը համարում է մեկուսացումը»:

Ամբաստանյալը նաև զարմանք հայտնեց խնդրի վերաբերյալ հասարակական հնչեղության մասով. «Շատ կարևոր է, որ դատարանը հիմնվի միայն փաստերի վրա, ոչ թե հուզական ֆոնի, որը ձևավորում է հասարակական կարծիք»,- նշեց նա: Ամբաստանյալը հույս հայտնեց, որ Վերաքննիչ քրեական դատարանը ուշադրություն կդարձնի իրենց բարձրաձայնած խնդիրներին և կկայացնի արդարացի որոշում:

Վազգեն Խաչիկյանը նաև հավաստիացրեց, որ չի պատրաստում դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան` պատճառաբանելով, որ ինքը «ՀՀ օրինապահ քաղաքացի է և կենթարկվի ՀՀ դատական համակարգի որոշումներին»: Իսկ որպես վերջաբան նա ծաղրանքով շնորհակալություն հայտնեց առաջին ատյանի դատարանին` ասելով. «Կարծում եմ, որ 12 տարին ինձ բավական կլինի ուղղվելու համար»:

Ի դեպ, այսօրվա դատական նիստին ակտիվ էր ամբաստանյալներից Վիգեն Գևորգյանը, ով առաջին ատյանի դատարանի կողմից դատապարտվել է 5 տարի 6 ամիս ազատազրկման: Ամբաստանյալը նիստի ընթացքում իրեն պահում էր անպարկեշտ՝ ծիծաղում էր, դեմքը ծամածռում դահլիճի կողմ, օդային համբյուրներ ուղարկում: Նկարահանելու փորձերից մեկի ժամանակ հայհոյեց Իրավաբան.net-ի լրագրողին:

Հիշեցնենք՝ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը 2014 թվականի դեկտեմբեր ամսին դատապարտվել էր 12 տարվա ազատազրկման՝ գույքի բռնագրավմամբ՝ ոչ ավելի քան 290 միլիոն 115 հազար 652 ՀՀ դրամի չափով։

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա փետրվարի 24-ին:

Լիլիթ Շաբոյան, Հերմինե Վիրաբյան

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել