Մարտի 12–ին Վերաքննիչ քրեական դատարանում տեղի ունեցած դատական նիստի ժամանակ Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը խնդրեց դատարանին դատավճիռ կայացնելիս հաշվի առնել մեղմացուցիչ հանգամանքները: Նա ասաց, որ այս պահին ասելիք և ավելացնելու ոչինչ չունի:
Հիշեցնենք, որ Վազգեն Խաչիկյանը նախորդ նիստի ժամանակ հայտնել էր, որ պաշտպանական կողմը մինչև մարտի 12–ը կհայտնի դիրքորոշում վնասի վերկանգման և գումարները վերադարձնելու ուղղությամբ:
Դատավոր Գագիկ Ավետիսյանը, դիմելով ամբաստանյալներին, առաջարկեց, որ եթե կան կամավորներ, ովքեր ցանկանում են վերադարձնել յուրացված գումարները, ապա կարող են դրանք փոխանցել պետբյուջեի հաշվին, այդ դեպքում կկիրառվեն մեղմացուցիչ հանգամանքներ, իսկ որոշումից հետո, եթե նրանք արդարացվեն գումարները ետ կվերադարձրվեն:
Դատարանի այս առաջարկին դեմ էր ամբաստանյալներից Հովհաննես Գրիգորյանի պաշտպան Արա Զաքարյանը: Նա հայտարարեց, որ այդ քայլով կասկածի տակ է դրվում դատարանի անաչառությունը: Պաշտպանը հանդես եկավ նաև միջնորդությամբ՝ խնդրելով դատարան հրավիրել այն անձանց, ովքեր առաջին ատյանի դատարանում չեն հարցաքննվել:
Պաշտպանը նշեց, որ այդ անձանց մեծ մասը տվել է պաշտպանական կողմի համար բարենպաստ ցուցմունքներ, իսկ առաջին ատյանի դատարանը չի հետազոտել նրանց ցուցմունքները, չի օգտագործել դրանք և որպես պաշտպանական ապացույց չի գնահատել: Այս միջնորդությանը միացան նաև մյուս պաշտպանները և ամբաստանյալները:
Դեմ արտահայտվեց միայն մեղադրողը` հայտնելով, թե ինքն արդեն դատարանին ներկայացրել է, ինչու չպետք է այն ընդունվի:
Դատարանը որոշեց նիստը հետաձգել մինչև մարտի 20–ը, որի ընթացքում իրենք կքննարկեն միջնորդությունը:
Ելենա Արամյան