ՄԻԵԴ-ում Հայաստանը ներկայացնող դատավորի մրցույթն անցկացվել է առանց խախտումների. Իրավաբան.net-ին այս մասին ասաց մրցույթի հանձնաժողովի անդամ, Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանը:
«Ես որպես հանձնաժողովի անդամ կարող եմ ուղղակի կարծիք հայտնել, որ մրցույթն անցկացվել է ներպետական և միջազգային չափորոշիչներին համաձայն, կան կարծիքներ հակառակի մասին, ես դրանք չեմ կիսում»,- ասաց Ռ. Մելիքյանը:
Նշենք, որ մրցույթին որպես դիտորդ հետևող «Իրավունքի Եվրոպա միություն» ՀԿ ներկայացուցիչները պնդում էին, որ մրցույթն անցկացվել է խախտումներով, թեկնածուների ներկայացրած փաստաթղթերը մատչելի չեն եղել դիտորդներին: Նրանց արգելվել է ներկա լինել նաև մրցութային հանձնաժողովի ամփոփիչ նիստին:
Հիշեցնենք, որ մրցույթի հայաստանյան փուլում հաղթող են ճանաչվել երեք թեկնածու` Արմեն Հարությունյանը, Արա Ղազարյանը և Լիանա Հակոբյան: