Շիրակի մարզում 7 անձի մահվան ելքով ավտովթարի գործի նախաքննությունն ավարտվեց. փաստաբան

Շիրակի մարզում 2014թ. նոյեմբերի 10-ին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի գործով նախաքննությունը ավարտվել է: Գործով մեղադրյալ ներգրավված Մանվել Վարդանյանի փաստաբան Լիանա Բալյանը Իրավաբան.net կայքին փոխանցեց. «Նախաքննությունն ավարտվել է երեկ, սակայն մեղադրական եզրակացությունը դեռ չի հաստատվել ու գործը ուղարկում են դատարան»:

Փաստաբանը նաև տեղեկացրեց, որ երեկ նա միջնորդությամբ է հանդես եկել՝ պահանջելով քրեական գործ հարուցել «Գազ-32213» մակնիշի ուղևորատար ավտոմեքենայի վարորդի նկատմամբ, ինչպես նաև նշանակել կրկնակի փորձաքննություններ: Տիկին Բալյանն իր միջնորդությունը հետևյալ կերպ հիմնավորեց. «Գազելի վարորդը պետք է ավելի զգոն լիներ և ժամանակին արգելակեր մեքենան, կարող է այնպես ստացվեր, որ «Կամազ»-ի փոխարեն նշված ճանապարհահատվածով անցնեին կենդանիներ կամ էլ քարաթափումներ լինեին, վարորդը պարտավոր էր զգոն Երթևեկել»:

Փաստաբանը նաև հաղորդեց, որ թիվ 359 երթուղու սեփականատերը օրեր առաջ քաղաքացիական հայց է ներկայացրել մեղադրյալ դեմ՝ նրանից պահանջելով 3 մլն 600 հազար ՀՀ դրամի չափով գումար. «Պահանջում է 80 օրվա բաց թողնված օգուտը»:

Նա նաև անդրադարձավ դեպքի օրը տեղի ունեցած պայթյունին, փաստաբանը փոխանցեց, որ ոչ թե մեքենան է պայթել, ինչպես մինչ այս տեղեկատվություն էր տարածվում, այլ «Գազ-32213» մակնիշի ավտոմեքենայի 4 անվադողերը:

Հիշեցնենք՝ 2014թ. նոյեմբերի 10-ին Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել էին «Իմէքս-Գրուպ» ՍՊ ընկերության վարորդ Մանվել Վարդանյանին ամրակցված «Կամազ-53202» մակնիշի ավտոմեքենան և Ռազմիկ Մկրտչյանի վարած, Երևանից-Գյումրի թիվ 359 երթուղու «Գազ-32213» մակնիշի, 0811 Լ հաշվառման համարանիշի ուղևորատար ավտոմեքենան: Առաջացած վթարի հետևանքով «Գազ-32213» մակնիշի ուղևորատար ավտոմեքենան հրդեհվել է, մահացել են 7 քաղաքացիներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել