Մարտի 14-ին Հանոյում կայանալիք Միջխորհրդարանական միության վեհաժողովի 132-րդ նստաշրջանին (ս/թ. մարտի 28-ից ապրիլի 1-ը) ընդառաջ` Վիետնամի ԱԺ ղեկավարության կողմից կազմակերպված հանդիպման շրջանակներում Վիետնամում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանը հանդիպում ունեցավ Վիետնամի Ազգային ժողովի նախագահ Նգույեն Սին Հունի հետ։
Դեսպան Վարդանյանը զրուցակցին շնորհակալություն հայտնեց` միջխորհրդարանական կապերի ամրապնդման հարցում գործադրած ջանքերի համար, եւ ընդգծեց, որ հայ-վիետնամական երկկողմ հարաբերությունների զարգացման գործում իր ուրույն տեղն ունի Հայաստան-Վիետնամ խորհրդարանական բարեկամական խումբը։
Նգույեն Սին Հունի խնդրանքով դեսպան Վարդանյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ նախատեսվելիք միջոցառումները։
Զրուցակիցներն անդրադարձան նաև տարածաշրջանային արդի խնդիրներին: