2015 թվականի մարտի 4-ին կայացված թիվ ՎԴ3/0347/05/13 որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատն իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ գործի վարույթը կարճելու մասին վարչական դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 97-րդ հոդվածին համապատասխան կայացված որոշումը ենթակա է բողոքարկման վերաքննության կարգով: Այս մասին հաղորդում են Դատական դեպարտամենտից:
Ըստ աղբյուրի` Պալատն արձանագրել է, որ գործի վարույթը կարճելու մասին վարչական դատարանի որոշման բողոքարկումն իրականացվում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված գործն ըստ էության լուծող դատական ակտերի բողոքարկման կանոններով` այնքանով, որքանով դրանք վերաբերելի են խնդրո առարկա որոշմանը: Իսկ գործի վարույթը կարճելու մասին վարչական դատարանի որոշման դեմ բերված վերաքննիչ բողոքների քննության արդյունքում վարչական վերաքննիչ դատարանի կողմից կայացրած որոշումը ենթակա է բողոքարկման ՀՀ վճռաբեկ դատարան` վերաքննիչ դատարանի գործն ըստ էության լուծող դատական ակտերի` վճռաբեկության կարգով վերանայման ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 23-րդ գլխով սահմանված կանոններով: