Նոր քրեական դատավարության օրենսգրքի նախագիծը իր հիմքում դնելով ՀՀ Սահմանադրությունը, Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունները, միջազգային քաղաքակիրթ արժեհամակարգը` նորովի մոտեցում է ցուցաբերում քրեադատավարական իրավահարաբերությունների կարգավորմանը` ի համեմատություն գործող ՔԴՕ, որն արդեն մի քանի տասնյակ փոփոխությունների ենթարկվելու արդյունքում կորցրել է իր ունեցած կուռ համակարգը։
Արմատական բարեփոխումների ֆոնին նոր նախագծի բնութագրական գծերն են.
1. Քրեադատավարական ընթացակարգի առանցքային գործոն է համարում անձին։ Թեև քրեական վարույթը նախաձեռնվում է հանցավոր արարքի կատարման կապակցությամբ, սակայն քրեադատավարական հիմնական իրավահարաբերությունները ծավալվում են կոկրետ անձի շուրջ։ Քրեական գործի շարժը կանխորոշվում է կոնկրետ անձի կարգավիճակով, նրա իրավունքների և պարտականությունների սահմանափակումներով կամ կատարվող գործողությունների բովանդակությամբ։
2. Նախագծում ներմուծված է դիֆերենցված (տարբերակված) դատավարական ձևի գաղափարը։ Գործող քր. դատ. օր.–ում գործում է ունիֆիկացված (միասնական) դատավարական ձևը։ Տարիների փորձը ցույց տվեց, որ ունիֆիկացված դատավարական ձևն արդյունավետ չէ։ Դիֆերենցված դատավարական ձևը ապահովում է դատավարության խնայողականությունը, կրճատում է ժամանակը և խնայում ռեսուրսները։ Դիֆերենցված դատավարական ձևն իրենից ենթադրում է տարբերակված հանրային և մասնավոր վարույթների առկայություն։
3. Եթե գործող քր. դատ. օր. –ի համակարգի առկայության պայմաններում կալանքը դիտվում է` որպես առավել լայնամասշտաբ բարձր կիրառելիություն ունեցող խափանման միջոց, ապա նախագծի տրված իրավակարգավորումները կալանքի կիրառումը հասցնում են հնարավորինս նվազագույնի, վերջինիս կիրառումը դիտարկելով որպես բացարձակ անհրաժեշտությամբ պայմանավորված ծայրահեղ միջոց։
4. Մինչդատական վարույթում իր հաստատուն տեղն են գտել նաև մրցակցության տարրերը։ Գործող քր. դատ. օր.–ում առկա համակարգը թույլ չի տալիս միչդատական վարույթում կիրառել մրցակցության սկզբունքը։
5. Մինչդատական վարույթը բնութագրվում է դատավարական գործողությունների հստակ տարանջատմամբ։ Դատավարական սուբյեկտների գործողությունները հստակ են, չեն կրկնում միմյանց, յուրաքանչյուր սուբյեկտ առանձնանում է իր անհատականությամբ։
6. Որակապես նոր մակարդակի է բարձրացված դատական վերանայման ինստիտուտը։ Այսպես, վերաքննիչ և վճռաբեկ դատարաններին ընդհուպ հնարավորություն ընձեռելով` ի շահ մեղադրյալի համապատասխան հիմքերի առկայության դեպքում դուրս գալ բողոքի սահմաններից, վերաիմաստավորվել են ինչպես վերաքննիչ, այնպես էլ վճռաբեկ բողոք ներկայացնելու հիմքերը` վերացնելով բազմաթիվ փաստաբանների դժգոհությանն արժանացած` գործող համակարգի առկայության պայմաններում, վճռաբեկ դատարանի կողմից բողոքը վարույթ ընդունելու կամայական հայեցողությունը։
7. Նախագիծ մուտք է գործել նաև քրեադատավարական էթիկան, մասնավորապես նախագծի 29–րդ հոդվածի համաձայն սահմանված է ոչ պատշաճ վարգածի արգելքը վարույթի մասնավոր մասնակիցների և վարույթին օժանդակող անձանց համար։ Էթիկան իր արտահայտությունն է ստացել ամբողջ նախագծում` տարբեր դրույթների ամրագրմամբ, օրինակ` մեղադրյալին զրկելով դատարանը «կրկեսի» վերածելուց և սուտ ցուցմունքներ տալուց` առանց քրեական պատասխանատվության ենթարկվելու հնարավորության։ Նախագիծը մեղադրյալին տալիս է երկու ճանապարհ կա՛մ լռել, կա՛մ խոսել միայն ճշմարիտ։
ՀԵԻԱ Իրավաբան ուսանողների բաժանմունքի անդամ՝ Առնոլդ Վարդանյան