ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի կապակցությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն:
2015 թվականի մարտի 09-ին՝ ժամը 03:05-ին, ՀՀ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ճանապարհապարեկային ծառայության տեսուչ Ա.Քոչարյանը զեկուցագիր է ներկայացրել ոստիկանության Տարոնի բաժին առ այն, որ նշված օրը՝ ժամը 02:30-ի սահմաններում, ոստիկանության Տարոնի բաժնի եւս 4 աշխատակցի հետ ծառայություն են իրականացրել Վանաձոր քաղաքի Շիրակի խճուղու սկզբնամասում։ Ծառայության ժամանակ իրենց մոտ կայանել է «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենա, որից իջել է 5 անձ, ովքեր, գտնվելով ալկոհոլային հարբածության վիճակում, անհիմն վիճաբանել են իրենց հետ, ապա նշված անձանցից Ս. Նավասարդյանը ձեռքով երկու անգամ հարվածել է իրեն և դիմել փախուստի:
Դեպքի առթիվ 2015 թվականի մարտի 09-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Նույն օրը Ս. Նավասարդյանը ձերբակալվել է:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: